ՀՀ գյուղնախարարություն. Հայաստանում ցորենի գնի կտրուկ աճ չի սպասվում

ՀՀ գյուղնախարարություն. Հայաստանում ցորենի գնի կտրուկ աճ չի սպասվում

PanARMENIAN.Net - Չնայած ցորենի համաշխարհային գների աճին և Հայաստանում արձանագրված երաշտին, ցորենի գնի կտրուկ աճ չի սպասվում, օգոստոսի 30-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը: Այդ խնդիրը նախագահի և նախարարության ուշադրության կենտրոնում է: Իրավիճակը վերահսկվում է և գների կտրուկ աճ չի լինի, հայտարարել է նա:

Նախարարը հաղորդել է նաև, որ խորհրդակցություն է տեղի ունեցել սպառողական ցորենի 7 խոշոր ներկրողների հետ, որոնք նախարարին են ներկայացրել շուկայում ստեղծված իրավիճակը: «Քանի որ Ռուսաստանը սահմանափակել է ցորենի արտահանումը, ապա այդ ընկերություններն անհրաժեշտ ծավալները գնել են Ղազախստանից ու այլ երկրներից, ավելին, ընթացիկ տարվա օգոստոսին ավելի մեծ ծավալով մթերում է կատարվել, քան նախորդ տարի»,-ասել է նա: Ավելին, ՌԴ և ՀՀ նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում Ռուսաստանը որոշակի քանակի սերմացու ցորեն կտրամադրի Հայաստանին:

Ըստ ՀՀ գյուղնախարարի, ներկրվող ցորենի գինն այսօրվա դրությամբ տատանվում է 80-150 դրամի սահմաններում 1 կգ համար կախված տեսակից, ընդ որում արժեքի մեծ մասը պայմանավորված է տրանսպորտային բարձր ծախսերով: Ցորենի ներկրողները հավաստիացրել են նախարարին, որ այդ շուկայում մենաշնորհ չկա, այլ կա ուժեղ մրցակցություն, ինչից Գերասիմ Ալավերդյանը եզրակացություն է արել, որ ցորենի գնի կտրուկ աճ ընդհանրապես լինել չի կարող:

Ինչ վերաբերում է նրան, որ ներկրողները արհեստականորեն են բարձրացրել ցորենի գինը, որը ներկրվել էր մինչ միջազգային շուկայում արձանագրված գնաճը, ապա այդ կապակցությամբ Գերասիմ Ալավերդյանը նշեց, որ դա չի համապատասխանում իրականությանը: «Ես ինքս վերլուծեցի իրավիճակը, ներկրողների հետ հանդիպելուց առաջ: Նման բան չկա, քանի որ այդ ընկերությունները ջանում են որքան հնարավոր է շուտ ազատել իրենց պահեստները հին խմբաքանակից` ավելի ցածր գնով նոր խմբաքանակ ձեռք բերելու համար»,-ասել է նա:

Ինչպես հայտնել է նախարարը, Հայաստանի ցորենի ներքին պահանջարկը կազմում է տարեկան 650-720 հազար տոննա, այս տարի երկրում արտադրվել է 280 հազար տոննա ցորեն նախորդ տարվա 370 հազար տոննայի դիմաց:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---