30 օգոստոսի 2010 - 14:35 AMT
Հայաստանում խաղողի մթերման նախնական գինն այս տարի կկազմի 120 դրամ 1 կգ համար

Գյուղատնտեսության նախարարությունն արդեն որոշել է խաղողի մթերման նախնական գինը, որն ընթացիկ տարում կկազմի 1 կգ համար 120 դրամ: Այդ մասին լրագրողներին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը: «Մենք արդեն պայմանավորվել ենք վերամշակող ընկերությունների հետ 215 հազար տոննա խաղող մթերելու մասին 1 կգ համար նախնական 120 դրամով անցյալ տարվա 185 հազարի փոխարեն»,- ասել է նա: Միաժամանակ նա ավելացրել է, որ Երևանի կոնյակի գործարանը խաղող կմթերի 1 կգ համար 130 դրամով:

Մթերման գործընթացի կազմակերպման մասին նախնական պայմանավորվածությունը ձեռք է բերվել նախարարի` Արարատի և Արմավիրի մարզեր կատարած այցելության ժամանակ: «Ցանկանում եմ նշել, որ մենք պատրաստել ենք պայմանագրի պատճեն, որում որոշվել են խաղողի մթերման ծավալները, ժամկետները և կարգը»,- ասել է նա: Նախարարը կոչ է արել գյուղի բնակիչներին չխախտել այդ կարգը, այդ թվում խաղողը չջրել այն հավաքելուց մեկ օր առաջ, որպեսզի նրանում շաքարի պարունակությունը պահպանվի 18 տոկոսի մակարդակում և այլն:

Ինչ վերաբերվում է վերամշակող ընկերությունների պարտքերին, ապա Գ. Ալավերդյանը հաղորդել է, որ Արարատի մարզի երկու ընկերություններ արդեն տեղեկացրել են, որ կատարել են իրենց պարտականություններն ավելի վաղ կնքված պայմանագրերով: