Դաղստանում նշել են սուրբ Գրիգորին նվիրված ավանդական տոնը

PanARMENIAN.Net - Ամեն տարի Դաղստանի Դերբենդ քաղաքի հայ համայնքը նշում է սուրբ Գրիգորի օրը: Սուրբ Գրիգորը եղել է Աղվանքի առաջին եպսիկոպոսը, որը նահատակվել է, ենթադրաբար, Դերբենդի շրջանի Նյուղդի գյուղի մոտ, որտեղ մ. թ. 337թ-ին նրա հիշատակին կառուցվել է տաճար:

Այդ սրբավայրում Դաղստանի հայերն ամեն տարի տոնակատարություններ են անցկացնում նրա հիշատակին: Օրերս եկեղեցու մոտ հավաքվել են ուխտավորները` երկրի տարբեր քաղաքների հայկական համայնքների ներկայացուցիչները:

Տոնին մասնակցել են ոչ միայն քրիստոնյաներ, այլ նաև մահմեդականներ և հրեաներ: Տաճարի վերականգնումն ավարտելուց հետո, որն անցկացվում է հիմնականում հայկական համայնքի միջոցներով, տոնը զանգվածային բնույթ կկրի, թեև հիմա էլ այստեղ են գալիս ընտանիքներով: Արարողությունն անցկացրել է տոնի առթիվ Բուդյոնովսկից ժամանած Սուրբ Խաչ և Սուրբ Հարություն եկեղեցիների քահանա Արսեն Բուդաղյանը

«Մենք շատ շնորհակալ ենք տեղի բնակիչների բոլոր այն սերունդներին, ովքեր խնամքով են վերաբերվում այս սրբավայրին,- ասել է Դաղստանի հայկական համայնքի ղեկավարի տեղակալ Յուրի Մոսեսովը: - Հուշարձանի վերականգնման հարցում օգնում է պետությունը: Նախկինում այստեղ էին գալիս ուխտավորներ ողջ Կովկասից: Հազարավոր մարդիկ` վաճառականներ, գործարարներ գործարքներ էին կնքում: Մենք ցանկանում ենք վերականգնել այս սրբավայր այցելելու ավանդույթը»:

Տոնի ժամանակ հանձնվել են հասարակական պարգևներ: Ռուսաստանի Հայերի միության ոսկե մեդալների են արժանացել տաճարի վերականգնմանն ակտիվ կերպով մասնակցած հասարակական գործիչներ, գիտնականներ: Ոսկե մեդալներ են հանձնվել պրոֆեսորներ Մուրթազալ Հաջիևին և Էլմիր Դալգատին, հաղորդում է Ռուսաստանի հարավի հայերի «Երկրամաս» թերթը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---