«ԱրմենՏել» ընկերության աշխատակիցներն օգնում են հայ երեխաներին պայքարել լեյկեմիայի դեմ

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերության աշխատակիցներն օգնում են հայ երեխաներին պայքարել լեյկեմիայի դեմ: «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline) մամլո ծառայությունը PanARMENIAN.Net ին տեղեկացրել է, որ «ՎիմպելԿոմ» ԲԲԸ-ն «Բարի կամքի ակցիա» կարգախոսի ներքո մի շարք դոնորական միջոցառումների է մասնակցել: Օգոստոսի 18-25-ն ընկած ժամանակահատվածում պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան հանրապետական արյունաբանական կենտրոնում «ԱրմենՏել» ընկերության աշխատակիցներն արյուն հանձնեցին Հայաստանում լեյկեմիայով հիվանդ երեխաների բուժման համար:

«Լեյկեմիան սարսափելի ծանր հիվանդություն է: Առավել սարսափելի է, երբ լեյկեմիայով հիվանդանում են երեխաները: Սակայն այն մահավճիռ չէ: Արյուն հանձնելով` մենք օգնում ենք հիվանդ երեխաներին և նրանց ընտանիքներին նվիրելով հույս ու մեր կյանքի մի մասնիկը», - նշեց «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Հանրապետական արյունաբանական կենտրոնի արյան ծառայության գծով փոխտնօրեն Մարինա Քամալյանն իր շնորհակալությունը հայտնեց «ԱրմենՏել» ընկերության աշխատակիցներին` նշելով, որ Երևանում «կարմիր արյան» բավարար քանակության ապահովման խնդիրը շատ սուր է դրված: Նա նշեց, որ ակցիայի շրջանակում ստացված արյան բոլոր բաղադրամասերն արդեն իսկ փոխանցվել են պետական պատվերի շրջանակում բժշկական օգնություն ստացող երեխաների համար:

Փոխտնօրենի խոսքերով յուրաքանչյուր դոնորից առանց նրա առողջությանը որևէ վնաս հասցնելու միառժամանակ կարելի է վերցնել 400 մլ արյուն: Յուրաքանչյուր անձ կարող է արյուն հանձնել տարին 1-2 անգամ: Երկրում արյան փոխներարկման պահանջարկը լիովին բավարարելու համար անհրաժեշտ է, որ բնակչության 2% կանոնավոր կերպով արյուն հանձնի: «Ներկայումս Հայաստանում կա շուրջ 15000 մշտական դոնոր, որոնցից միայն 7% է կամավոր արյուն հանձնում», - ասաց Մարինա Քամալյանը:

Նշենք, որ «ՎիմպելԿոմ» ԲԲԸ կազմակերպած դոնորական ակցիաները անցկացվել են նաև Ղրղըզստանում և Ռուսաստանի Դաշնության բազմաթիվ քաղաքներում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---