31 օգոստոսի 2010 - 16:04 AMT
Գագիկ Մինասյան. Ընթացիկ տարվա արդյունքներով Հայաստանում գնաճը մոտեցել է 5.5 տոկոս ցուցանիշին

«7.4 տոկոս գնաճը, որն արձանագրվել է ընթացիկ տարվա հունվար-փետրվար ամիսներին, մեզ շատ է մտահոգում, հատկապես հացի համաշխարհային գների աճի պայմաններում»,- լրագրողներին Երևանում ասել է ֆինանսավարկային և բյուջետային հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ Գագիկ Մինասյանը: Նրա խոսքերով, ՀՀ կառավարությունը բավական լուրջ մեխանիզմներ ունի նրա համար, որպեսզի թույլ չտա, որ գնաճը դուրս գա իր բնական հունից, և որպեսզի մի քանի անբարեխիղճ ձեռնարկատերեր աժիոտաժի պայմաններում չստեղծեն լրացուցիչ գնաճային ճնշում:

Նա նաև ավելացրել է, որ Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, ԿԲ-ն և կառավարությունը պարտականություններ և լծակներ ունեն, որպեսզի գնաճը մնա բյուջեով նախատեսված 4±1,5 տոկոսի շրջանակներում: «Ընթացիկ տարվա արդյունքներով մենք մոտենում ենք 5.5 տոկոս ցուցանիշին»,- հավելել է պատգամավորը: Նրա խոսքերով, չնայած նրան, որ ՀՆԱ ցուցանիշը վերջին 2 ամսում կտրուկ նվազել է, կազմելով 4 տոկոս, տարեվերջին այն մի քանի անգամ կգերազանցի երկրի բյուջեով նախատեսված աճը1.2 տոկոսի չափով: «ՀՆԱ աճի ցուցանիշների նվազման պատճառներն ակնհայտ են. դա զգալի անկումն է գյուղատնտեսության ոլորտում: Ընդ որում արդյունաբերության ոլորտում աճը կազմել է 11.4 տոկոս, ինչը վկայում է Հայաստանի տնտեսության կառուցվածքի աստիճանական փոփոխության մասին, որտեղ արդյունաբերությունը դառնում է շարժիչ ուժ»,- ասել է նա:

Միաժամանակ հանձաժողովի նախագահն ընդգծել է, որ Հայաստանի պետբյուջեի եկամուտները 2010-ի հունվար-հուլիս ամիսներին 10մլրդ դրամով ավել են 2008-ի նույն շրջանի ցուցանիշի համեմատ: