31 օգոստոսի 2010 - 16:15 AMT
Սերժ Սարգսյան. «Գիտելիքը հզոր ուժ է և մեր պետությունը այդ ուժի կարիքն ունի»

Օգոստոսի 31-ին Գիտելիքի օրվա նախաշեմին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր նստավայրում ընդունել է հայկական դպրոցների ոսկե մեդալակիրներին, միջազգային առարկայական օլիմպիադաներում պարգևների արժանացած դպրոցականներին և մաթեմատիկայի «Կենգուրու» մրցույթի հաղթողներին:

Դպրոցականներին ողջունելով, նախագահը նշել է. «Ինչպես նախկինում խոստացել էի, մենք պարբերաբար այստեղ ենք հրավիրում բոլոր այն երեխաներին, երիտասարդներին` պատանիներին ու աղջիկներին, ովքեր լավագույն հատկանիշներով առանձնացել են իրենց հասակակիցներից: Շնորհակալություն եմ հայտնում ձեր հայրենասիրության համար: Այո, հայրենասիրության, որովհետև գիտելիք ունենալը, լավ սովորելը, իրոք, հայրենասիրություն է: Դուք մեր հպարտությունն եք, և առանց ձեզ, առանց ձեր նմանների անհնար է ունենալ ամուր պետություն և լավ հասարակություն:

Նախագահն ասել է, որ դպրոցականների ստացած մեդալները նրանց առաջին մեծ հաջողությունն է և վստահություն հայտնեց, որ այդ հաջողությունը նրանք կշարունակեն բուհերում գերեզանց սովորելով:

«Ես շնորհակալ եմ նաև բոլոր նրանց, ովքեր միջազգային օլիմպիադաներում կարողացել են Հայաստանի վարկը բարձր պահել: Միջազգային բոլոր մրցություններում, ստուգատեսներում, իհարկե, շատ դժվար է միևնույն ժամանակ պատվաբեր հաջողություն ունենալ, հաղթել, դառնալ մրցանակակիր: Մեր պարագայում, դա կրկնակի գնահատելի է, որովհետև մենք և’ բնակչության քանակով, և’ այլ ռեսուրսներով, անշուշտ, ամենամեծն ու հարուստը չենք աշխարհում: Բայց սա նշանակում է, որ մեր երկրում կա լավ սերունդ, որ մենք ունենք փայլուն աշակերտներ, փայլուն ուսուցիչներ», ասել է ՀՀ նախագահը: