31 օգոստոսի 2010 - 19:57 AMT
Euronews-ը կպատմի Տաթևի վանքի և աշխարհում ամենաերկար ճոպանուղու մասին

Euronews հեռուստաալիքն ընթացիկ տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին կպատրաստի և եթեր կհեռարձակի Տաթևի վանական համալիրի և նրա մոտ տանող ամենաերկար ռևերսային ճոպանուղու մասին (5.7 կմ): Ինչպես ասել է լրագրողների հետ զրույցում Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Զառա Ամատունին, 5 րոպե տևողությամբ ռեպորտաժը եթեր դուրս կգա ZOOM և Hi-Tech խորագրերում: Հեռուստաալիքի հետ պայմանավորվածությունը ենթադրում է յուրաքանչյուր հոլովակի 20 ցուցադրություն մեկ շաբաթվա ընթացքում: Ռեպորտաժները կհեռարձակվեն 9 եվրոպական լեզուներով:

Զառա Ամատունու խոսքերով, Հարավային միջանցքի զբոսաշրջության զարգացման նախագիծը կներկայացվի Անգլիայի և Ֆրանսիայի 2 խոշորագույն զբոսաշրջային ցուցահանդեսներում` World Travel Market և Top Resa:

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը մշակում է զբոսաշրջության զարգացման միջանցքներ: Երևան են եկել 4 հիմնական զբոսաշրջային միջանցքներ` Կենտրոնական, Հյուսիսային, Հարավային և Օղակավոր` Սևանա լճի շուրջ: «Տաթևի վերածնունդ» նախագծի բացման պաշտոնական արարողությունը, որը կենտրոնական տեղ է զբաղեցնում Հարավային միջանցքի զարգացման ռազմավարության մեջ, կկայանա 2010-ի հոկտեմբերի 16-ին: