1 սեպտեմբերի 2010 - 15:00 AMT
Երևանում ձևավորվել է 31 ավագ դպրոց

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բոլոր 201 դպրոցները պատրաստ են նոր ուսումնական տարվա մեկնարկին: 2010 թվականի ծրագրով վերանորոգվում են մայրաքաղաքի 24 դպրոցներ: Վերանորոգման աշխատանքների ընթացքում փոխվել են դպրոցական շենքերի հաղորդուղիները, բարեկարգվել են տանիքները, նորոգվել են մարզական և հանդիսությունների դահլիճները, կատարվել են ներքին հարդարման աշխատանքներ: Դպրոցների վերանորոգմանը հատկացվել է մոտ 618 մլն դրամ:

Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ ծավալուն շինարարական աշխատանքներ են ընթանում նաև մայրաքաղաքի նախադպրոցական կրթական հաստատություններում: Ծրագրում ընդգրկված 102 մանկապարտեզներում տեղադրվում են ջեռուցման համակարգեր, որոնցից 11-ում նախատեսվում է տեղային կաթսայատների կառուցում: Օգոստոսի 31-ի դրությամբ շինարարությունն ավարտված է 32 մանկապարտեզում, ևս 3-ում կավարտվի օրերս:

Ծրագրի ավարտից հետո մայրաքաղաքի բոլոր մանկապարտեզներն ապահովված կլինեն ջեռուցման անհատական համակարգերով: Այդ նպատակով Երևանի համայնքային բյուջեից հատկացվել է 1 մլրդ 200 մլն դրամ: Երևանի քաղաքապետարանի կողմից շինարարության ընթացքի նկատմամբ հաստատված է խիստ հսկողություն:

Քաղաքապետի հանձնարարությամբ նոր ուսումնական տարվա կապակցությամբ մայրաքաղաքի վարչական բոլոր շրջանների անապահով ընտանիքների 1-4-րդ դասարան հաճախող 4445 երեխաների բաշխվել են ուսապայուսակներ և գրենական պիտույքներ: Բացի այդ, որպես պետական սոցիալական աջակցություն, Երևանի նպաստառու ընտանիքների 1474 երեխաների առաջին դասարան հաճախելու կապակցությամբ կհատկացվի 25 հազարական դրամ միանվագ նպաստ:

Այս տարի սեպտեմբերի 1-ին քաղաքապետարանի ենթակայության 201 դպրոցները կդիմավորեն մոտ 9700 առաջին դասարանցիների, իսկ բոլոր դասարաններում ընդհանուր առմամբ կսովորի 104704 աշակերտ: Քաղաքապետարանի ենթակայության դպրոցներն ունեն 214 համակարգչային դասարան` 2081 համակարգիչներով, 30 էլեկտրոնային գրատախտակներով: Դպրոցներն ապահովված են համացանցային կապով, այդ թվում 16 դպրոց ընդգրկված է Հայաստանի դպրոցների համացանցում: Կրթական բարեփոխումների շնորհիվ մայրաքաղաքում արդեն ձևավորվել և գործում է 31 ավագ դպրոց, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: