1 սեպտեմբերի 2010 - 15:05 AMT
Հայաստանի միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության նախագիծը սեպտեմբերին կներկայացվի կառավարությանը

ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի այսօրվա նիստում ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի նախագիծը: Փաստաթուղթն անդրադառնում է ՀՀ միգրացիոն իրավիճակին, միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության նպատակին ու սկզբունքներին, միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հիմնախնդիրներին, դրանց լուծման հիմնորոշ ուղղություններին: ՀՀ կառավարության գործունեության ծրագրի համաձայն` փաստաթուղթը դեկտեմբերին պետք է ներկայացվի կառավարություն: Գ. Եգանյանը տեղեկացրեց նաև, որ նախագիծը փորձաքննության կենթարկվի միգրացիայի ոլորտում Եվրամիության ընդունված չափորոշիչներին համապատասխանության տեսակետից: Այս նպատակով կհրավիրվի միջազգային փորձագետ` Եվրամիության TAIEX ծրագրի շրջանակում:

Փաստաթուղթն ընդունվեց ի գիտություն և որոշվեց ուղարկել շահագրգիռ կազմակերպություններին` առաջարկություններ ստանալու համար:

ՀՀ ՏԿՆ աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը ներկայացրեց ՀՀ բազմաբնակարանային ֆոնդի կառավարման և շահագործման ոլորտի բարեփոխումների 5-ամյա ծրագրի մշակման նպատակով նախատեսվող աշխատանքները:

Բարեփոխումների ծրագրի մշակման նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ: Նախատեսվում է ծրագրի նախագիծը ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել 6 ամիս հետո: Բարեփոխումների ծրագրի մշակման համար աշխատանքային խումբը կհիմնվի արդեն առկա մի շարք փաստաթղթերի վրա, այդ թվում` ՀԲ-ի անկախ փորձագետի կողմից ՀՀ կառավարությանը ներկայացված «Հայաստան. Բազմաբնակարանային բնակելի ֆոնդի վերանորոգումը և պաշտպանությունը» առաջարկությունների փաթեթի վրա:

Նշվեց, որ փոխվարչապետի ղեկավարած աշխատանքային խումբը պատրաստ է քննարկել ցանկացած իրատեսական առաջարկություն, հաղորդում է նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը: