1 սեպտեմբերի 2010 - 16:11 AMT
Ստանիսլավ Բելկովսկի. «Բաքվի դաշնակիցներից ոչ ոք նրան իրական օգնություն չի առաջարկի Ղարաբաղում մարտական գործողությունների վերսկսման դեպքում»

Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետները 49 տարով երկարացման մասին հայ-ռուսական պայմանագիրն անխուսափելի էր, քանի որ դրանով շահագրգռված էին և’Երևանը, և’ Մոսկվան: Այս մասին հայտարարել է ռուս քաղաքագետ Ստանիսլավ Բելկովսկին: Միաժամանակ նա ասել է, որ Ռուսաստանը դեռևս որոշում չի կայացրել, թե ինչպես պետք է իրեն պահի Լեռնային Ղարաբաղում պատերազմական գործողությունները վերսկսվելու դեպքում: «Կարելի է միայն ենթադրել, որ պաշտոնական Մոսկվան ամեն ինչ կանի, որպեսզի թույլ չտա պատերազմի վերսկսումը», - ասել է ռուս փորձագետը` ավելացնելով, որ Ղրղըզստանի դեպքերը ցույց տվեցին, որ Մոսկվան դեմ է իր սահմաններից դուրս ռուսական զորքի օգտագործմանը, քանի որ չի ուզում, որ ավելի սրվեն նախկին ԽՍՀՄ երկրներում ռուսների և տեղի բնակիչների միջև հարաբերությունները: Բելկովսկին նշել է նաև, որ ղարաբաղյան հակամարտության հարցում ԱՄՆ-ի և Ռուսաստանի դիրքորոշումները համընկնում են, քանի որ երկու պետություններն էլ չեն ուզում վերսկսել ռազմական գործողությունները:

Ռուս փորձագետի կարծիքով, փորձը ցույց է տալիս, որ տարածքային հակամարտությունները կարող են երկար տևել: «Բավական է հիշել Հյուսիսային Կիպրոսում եղած իրավիճակը, որն աշխարհում ոչ ոք չի ընդունում, բայց այդ հակամարտության լուծումը չեն գտնում, նույնիսկ Եվրամիությունը այդ հիմնախնդրում Կիպրոսին օգնել չի կարողանում, չնայած, որ Կիպրոսը ԵՄ անդամ է>, - ընդգծել է Ստանիսլավ Բելկովսկին:

Ադրբեջանի դաշնակիցների ռազմական գործողությունների վերսկսման հավանականության մասին խոսելով, Բելկովսկին կրկին Կիպրոսի օրինակն է բերել: «Եվրոպական երկրներն, արդյո՞ք Կիպրոսի դաշնակիցներն են: Անշուշտ, այո: Իսկ եվրոպական այդ երկրները Կիպրոսին իրական օգնություն առաջարկո՞ւմ են այդ հիմնախնդրի լուծման հարցում: Ոչ: Ուրեմն, Ադրբեջանին նույնպես նրա դաշնակիցներից որևէ մեկը չի առաջարկի իրական օգնություն ռազմական գործողությունների վերսկսման դեպքում», - ասել է ռուս փորձագետը, ավելացնելով, որ Հայաստանը նույնպես դաշնակիցներ չի ունենա նախահարձակ լինելու դեպքում: Նրա խոսքերի համաձայն, աշխարհի գերտերությունների դիրքորոշումը կախված կլինի Լեռնային Ղարաբաղում նոր պատերազմի տևողությունից, հաղորդում է Day.az: