Սերժ Սարգսյան. Արցախի անկախությունը մեր ժողովրդի մեծագույն ձեռքբերումն է

Սերժ Սարգսյան. Արցախի անկախությունը մեր ժողովրդի մեծագույն ձեռքբերումն է

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության տոնի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Սիրելի` հայրենակիցներ, շնորհավորում եմ ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության տոնի առթիվ: Արցախի անկախությունը հայոց նորագույն պատմության ամենավառ էջերից է և մեր ժողովրդի մեծագույն ձեռքբերումը: Մենք խորն ենք գիտակցում անկախության գինը, որի համար իրենց կյանքով վճարեցին հազարավոր հայորդիներ: Հավերժ փա` ռք նրանց անմահ հիշատակին:

Մեր ողջ ժողովրդի պայքարով կերտած քաղաքական ազատությունն այսօր իրողություն է: Ավելին, Լեռնային Ղարաբաղն իր պետական կուռ կառույցով ու պաշտպանության բանակով լուրջ գործոն է տարածաշրջանում: Արցախի ներքին կայունությունը, արցախահայության միակամ ու վճռական կեցվածքը, երկրամասի համակողմանի զարգացումը որևէ իրատես մարդու մեջ կասկած չեն հարուցում նրա ազատ ու բարգավաճ ապագայի վերաբերյալ: Մենք առաջ ենք շարժվում Հայաստան, Արցախ և Սփյուռք եռամիասնությամբ` մեր պատմական ընտրությանը հավատարիմ:

Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումը կարող է ունենալ միայն մեկ լուծում, և այդ լուծումը Արցախի միջազգայնորեն ճանաչված անկախությունն է: Ինչ վերաբերում է խնդրի լուծման ռազմական ճանապարհին, ապա այդ ուղին, սիրելի` արցախցիներ, մենք ձեզ հետ միասին արդեն անցել ենք, և այդ տարբերակի արդյունքները բոլորի աչքի առաջ են: Դուք ամեն օր, ամեն ժամ ձեր ստեղծագործ աշխատանքով ու պաշտպանության երկաթյա վահանով կրկին ու կրկին ապացուցում եք, որ սրբորեն եք պահում մեր նահատակների հիշատակն ու պատգամները:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս փառապանծ տոնի կապակցությամբ: Մաղթում եմ խաղաղություն, շենություն ու նոր հաղթանակներ, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը` ամրություն և առաջընթացե,- ասվում է ՀՀ նախագահի ուղերձում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---