2 սեպտեմբերի 2010 - 11:33 AMT
Ղարաբաղյան հակամարտությունը կլինի Մեդվեդևի Բաքու կատարելիք այցի առանցքային հարցը

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը Բաքու կատարելիք պաշտոնական այցի շրջանակներում մտադիր է քննարկել Լեռնային Ղարաբաղի հարցը և այլ միջազգային հարցեր, այդ թվում նաև իրավիճակն Իրանում: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն: Ըստ նրա, ՌԴ-ն ու Ադրբեջանը «ավանդաբար ջերմ ու վստահելի հարաբերություններ ունեն, կողմերը քննարկում են ամենասուր հարցերը»: Նա նշել է, որ Լեռնաին Ղարաբաղի հարցը բարդ հարց է: Միևնույն ժամանակ, ըստ Պրիխոդկոյի, «առավելություն է նաև այն, որ հակամարտությունը մարած վիճակում է»:

«Առաջընթաց, թեև քիչ նկատելի, սակայն կա, հաջողվում է շարունակել աշխատանքը քաղաքական կարգավորման հունում»,-ասել է ՌԴ նախագահի օգնականը: Նա ընդգծել է, որ ռուսական կողմը մտադիր չէ քննարկել Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանի հարցը: «Մենք մտադիր չենք այդ հարցը քննարկել, միայն եթե ադրբեջանական կողմն այն արծարծի»,-ասել է նա: Միևնույն ժամանակ Սերգեյ Պրիխոդկոն նշել է, որ ռազմակայանը «չէ գլխավոր հարցը, այլ ղարաբաղյան հակամարտությունը»,-ասել է նա:

ՌԴ նախագահի այցը Բաքու կավարտվի ուրբաթ օրը, սեպտեմբերի 3-ին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: