2 սեպտեմբերի 2010 - 11:42 AMT
ՀՀ ԱԳՆ ղեկավարը վտանգավոր է համարում ղարաբաղյան հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդելու Բաքվի փորձերը

Ադրբեջանի նախաձեռնությունը` բանաձեւի ներկայացումը Գլխավոր ասամբլեայում ապակառուցողական քայլ է, որը կարող է լուրջ վնաս հասցնել բանակցային գործընթացին: Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը: «ՄԱԿ-ի անդամ պետությունների մեծամասնությունը գտնում է, որ այս կարգի հարցերը չպետք է տեղափոխել Գլխավոր ասամբելա, պետք է քննարկել հաստատված բանակցային ձեւաչափերի շրջանակներում: Հենց դա էր պատճառը, որ 2008 թ.. Ադրբեջանի կողմից ներկայացված բանաձեւը աջակցություն ստացավ 192 երկրից միայն 39-ի կողմից, այն էլ մեծամասնությունը Իսլամական կոնֆերանս կազմակերպությունից: Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից եւ ոչ մեկը կողմ չքվեարկեց, իսկ եռանախագահող երկրները դեմ քվեարկեցին: Ադրբեջանը օգտագործում է Իսլամական կոնֆերանս կազմակերպությունը` չարաշահելով իսլամական համերաշխության գործոնը: Շատ վտանգավոր են փորձերը կրոնական բնույթ հաղորդել այս կարգի հիմնախնդիրներին»,-ասել է ԱԳ նախարարը:

Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ հնարավոր քայլերն արվում են, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը բանակցությունների միջոցով կարգավորվի, խաղաղ լուծում ստանա` միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի հիման վրա: Գլխավոր սկզբունքներից մեկը հենց ինքնորոշման իրավունքն է, որի միջոցով պետք լուծվի հիմնախնդրի ամենակարեւոր հարցը` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը:

Այս ժամանակահատվածում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ ընդունվեցին ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների աթենքյան հայտարարությունը, Մեծ Ութնյակի Մուսկոկայում կայացած գագաթաժողովի ընթացքում եռանագահող երկրների նախագահներ Մեդվեդեւի, Սարկոզիի եւ Օբամայի հայտարարությունը, ԵԱՀԿ արտգործնախարարների Ալմաթայի հանդիպման շրջանակներում Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների` արտգործնախարարներ Լավրովի, Կուշների եւ ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Սթայնբերգի հայտարարությունը: Վերջին հայտարարություններում ամրագրվում է ինքնորոշման իրավունքը, որը պետք է իրականացվի իրավական պարտադիր ուժ ունեցող Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտությամբ:

«Եթե հիշում եք, երկու տարի առաջ այս նույն սրահում, մենք խոսում էինք այն մասին, որ բանակցությունները պետք է ընթանան մադրիդյան առաջարկների հիման վրա` միջազգային իրավունքի երեք սկզբունքների` ուժի եւ ուժի սպառնալիք չկիրառման, ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության հիման վրա: Այն ժամանակ Ադրբեջանը հերքում էր մադրիդյան փաստաթղթի գոյությունն անգամ: Այս վերջին երկու տարվա ընթացքում հենց միջազգային հանրությունը, ԵԱՀԿ-ն, եռանախագահները մեր դիրքորոշմանը համահունչ բազմաթիվ հայտարարություններ արեցին: Վերջին երկու տարվա ընթացքում բանակցություններ ընթացել են հենց մադրիդյան առաջարկությունների, հենց այդ սկզբունքների հիման վրա: Իսկ Ալմաթայում հայտարարության մեջ եռանախագահ երկրները հայտարարեցին, որ հիմնախնդրի կարգավորման առաջարկված սկզբունքները եւ դրույթները մշակված են եւ ներկայացված են որպես մեկ ամբողջություն եւ չի կարելի առաջնություն տալ մեկ սկզբունքին մյուսի նկատմամբ: Դա էլ է համահունչ մեր դիրքորոշմանը»,-ասել է նախարարը, հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը: