2 սեպտեմբերի 2010 - 15:04 AMT
Հայաստանում հացի արտադրության ծավալները 2010-ի հունվար-հուլիսին չեն փոխվել

Չնայած նրան, որ երաշտի պատճառով համաշխարհային շուկայում արձանագրվել է ցորենի գների աճ, ինչն ազդել է Հայաստան ներկրվող ցորենի գների աճի վրա, այնուամենայնիվ, հանրապետությունում հացի արտադրության ծավալն անփոփոխ է մնացել: 2010-ի հունվար-հուլիսին Հայաստանում, ինչպես և 2009-ի նույն շրջանում, արտադրվել է 174.2 տոննա հաց: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը:

Ալյուրի արտադրությունը հաշվետու շրջանում երկրում մեծացել է 18.4 տոկոսով` կազմելով 85.5 հազար տոննա, իսկ հրուշակեղենի արտադրությունը մեծացել է 9.9 տոկոսով 2009-ի նույն շրջանի համեմատ և կազմել 6.1 հազար տոննա:

2010-ի հունվար-հուլիսին մակարոնեղենի արտադրությունը մեծացել է 7.2 տոկոսով` 1.6 հազար տոննա, ձավարեղենի արտադրությունն աճել է 2 անգամ` մինչև 226 տոննա: