2 սեպտեմբերի 2010 - 16:46 AMT
Ձախողված դիվերսիան արդարացնելու համար Ադրբեջանը հորինում է հերթական լեգենդը

Ձախողված դիվերսիան արդարացնելու համար Ադրբեջանը հորինում է հերթական լեգենդը: АПА տեղեկատվական գործակալությունը հաղորդում է, որ «Օգոստոսի 31-ին, ժամը 16:30-ին Հայաստանի, այսպես կոչված, սադրիչ զինված ստորաբաժանումները անցնելով հրադադարի շփման գիծը Տերտերի շրջանի Չայլու գյուղի ուղղությամբ, փորձել են հարձակում գործել Ադրբեջանի զինված ուժերի վրա»:

Այնուհետև հղում անելով Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայությանը, գործակալությունը հաղորդել է, որ «ադրբեջանական բանակի զինվորների համառ դիմադրությանը հանդիպելով` հայկական կողմն, իբր, նահանջել է` մարտի դաշտում թողնելով երեք զոհ և մի քանի վիրավորներ»:

Իրականում, օգոստոսի 31-ին ադրբեջանական կողմը դիվերսիայի հերթական փորձն է արել ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսի-արևմտյան ուղղությամբ (Վերին Չայլու գյուղի շրջանում): ԼՂՀ ՊԲ մամլո ծառայությունը հաղորդում է, որ հայ սահմանապահները ժամանակին նկատելով հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի առաջխաղացումը, որի կազմում 8 զինծառայող կար, համապատասխան քայլեր են ձեռնարկել, և հակառակորդին հետ են մղել դեպի ելման դիրք: Մարտի ժամանակ վիրավորվել է Արցախի ՊԲ զինծառայող Ռուդիկ Մանասերյանը, նրա վիճակը կայուն է:

Նախնական տվյալների համաձայն, ադրբեջանական խմբի 4 զինծառայող սպանվել է, իսկ մյուսների վիճակը ծանր է: