2 սեպտեմբերի 2010 - 17:12 AMT
Վահրամ Աթանեսյան. Ադրբեջանում տիրում է շիզոֆրենիան

Ղարաբաղյան կողմը ցանկանում է, որ ղարաբաղյան և ադրբեջանական զորքերի շփման գծում ընդհանրապես զոհեր չլինեն: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտկան հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: Ըստ նրա, ադրբեջանական կողմը շարունակում է քարոզել իր զինվորների կեղծ հերոսությունը: «Ադրբեջանում շիզոֆրենիա է տիրում, ինչը տխուր հետևանքների է հանգեցնում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում»,-ասել է նա: Ընդ որում, նա նշել է, որ չի զարմանում, քանի որ Ադրբեջանում նորմալ են համարում այն, որ «դրոշը դրոշ է դառնում միայն այն ժամանակ, երբ վրան փայլում է հայրենիքի քաջարի զինվորների արյունը»:

Անդրադառնալով Հայաստանի հնարավոր պատասխանին Ադրբեջանի քարոզչությանը` Աթանեսյանն ասել է. «Մեր կյանքը նորմալ հունով է ընթանում, ԼՂՀ պաշտպանության բանակը ամուր է իր դիրքերում և պաշտպանում է իր հայրենիքը: Մենք բարգավաճում ենք և դա է լավագույն պատասխանը»: