
Ռուսաստանի համար բարդ է քաղաքականություն վարել և’ Հայաստանի, և’ Ադրբեջանի հետ ու ստիպված խուսավարում է Երևանի ու Բաքվի միջև: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին ասել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ նրա, սխալ կլիներ, եթե Դմիտրի Մեդվեդևը Երևան կատարած այցից հետո չգնար Բաքու: «Հայաստան կատարած այցը ես բավականին հաջողված եմ համարում: Կնքվեց ռազմավարական դաշինք, որը շատ կարևոր է, ինչպես նաև կարևոր էր նոր ԱԷԿ կառուցելու մասին պայմանավորվածությունը: Ռուսաստանը Ադրբեջանում տնտեսական մեծ շահեր ունի, սակայն ես չեմ կարծում, որ ՌԴ նախագահի Բաքու կատարած այցի նպատակը միայն տնտեսական շահերն են: Անպայման բանակցություններ կլինեն տարածաշրջանի իրավիճակ վերաբերյալ: Տեսականորեն` ներկա ստատուս քվոն բավականին լավ է, սակայն գործնականում այն նշանակում է հարավային սահմանների անվտանգության ապահովում», - ընդգծել է հայ քաղաքագետը;
Միաժամանակ նա ասել է. «Ռուս-ադրբեջանական հարցերի շրջանակը բավականին մեծածավալ է` Իրան, Կասպիցի կարգավիճակը, էլ չենք խոսում ղարաբաղյան հիմնախնդրի մասին»: