3 սեպտեմբերի 2010 - 18:33 AMT
Ավագ Հարությունյան. «Գինու երկիր դառնալու համար Հայաստանը պետք է մենթալիտետը փոխի»

Հայաստանում խաղողը բարձրորակ չէ, քանի որ հին են սարքավորումները, տեխնոլոգիաները, խաղողի այգիները և մենթալիտետը: Այս կարծիքը հայտնեց Հայաստանի գինեգործների միության նախագահ, «Մառան» ընկերության տնօրեն Ավագ Հարությունյանը:

Նրա խոսքերի համաձայն, Հայաստանում խաղողը բարձրորակ չէ, քանի որ ֆերմերները միջոցներ չունեն, որպեսզի տնկեն խաղողի նոր, ավելի որակյալ տեսակներ: «Բացի այդ, գյուղացիներն իրենց խաղողը վաճառում են մինչև սեպտեմբերի 20-ը, երբ խաղողի մեջ շաքարի պարունակությունը ցածր է մոտ 17 տոկոսով: Գինու համար անհրաժեշտ է այնպիսի խաղող, որի մեջ շաքարի պարունակությունը 22-23 տոկոս է, իսկ դա հասունանում է հոկտեմբերի կեսերին: Ֆերմերները ավելորդ ծախսերի պատճառով չեն ուզում բերքը երկար պահել, նաև այն պատճառով, որ այդ ժամանակ արդեն խաղողի քաշը 30 տոկոսով նվազում է», - ասել է Ա. Հարությունյանը:

Ավագ Հարությունյանը «ARMENIA EXPO 2010» առևտրաարդյունաբերական ցուցահանդեսում իր «Մառան»ընկերությունը ներկայացնելով ասել է, որ իրենք գինին արտադրում են և իրենց սեփական խաղողի այգիների խաղողից, և գնում են ֆերմերներից: Բացի խաղողի գինուց, ընկերությունն արտադրում է նաև նռան և ծիրանի գինիներ: