4 սեպտեմբերի 2010 - 15:36 AMT
Ժերար Դեպարդյեն կարող է անդրադառնալ Հայոց ցեղասպանության թեմային իր ստեղծագործության մեջ

«Ֆրանսիայում բազմաթիվ հայեր են բնակվում, նրանք Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներ են: Ես շատ ծանոթներ ունեմ նրանց շրջանում և ինձ շատ է զարմացնում այն փաստը, որ նրանք, լինելով արդեն չորրորդ սերունդը, կարողացել են պահպանել իրենց լեզուն ու ավանդույթները: Ֆրանսահայերի թվում իրոք մեծ մարդիկ կան»,-ասել է դերասանը սեպտեմբերի 4-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում:

Նա նշել է, որ առաջին հերթին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և ծաղիկներ է դրել հավերժական կրակի մոտ: «Տեսածս ինձ շատ տպավորեց, նույնքան, որքան Հոլոքոսթի զոհերի հուշարձանը Թել Ավիվում»,-ասել է դերասանը:

Նա ընդգծել է նաև, որ այժմ շատ երկրներ են Թուրքիայի առջև դնում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը և այդ երկրում արդեն սկսվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը: Դերասանը նշել է, որ, ինքը կարող է անդրադառնալ այդ թեմային իր ստեղծագործության մեջ:

Ժերար Դեպարդյեն առաջին անգամ է ժամանել Հայաստան, մասնակցելու համար «Կարոտ» փառատոնին: