4 սեպտեմբերի 2010 - 16:59 AMT
Ժերար Դեպարդյեն դեմ չէր լինի ֆիլմ նկարահանել Հայաստանի մասին

«Ես Հայաստանում եմ գտնվում, քանի որ գիտեմ, որ այն ձգտում է դեպի ապագան, և իմ նպատակն է ներկայացնել այն որպես մի երկիր, որն արագ տեմպերով առաջ է շարժվում` չմոռանալով իր հին վերքերը»,-ասել է հայտնի ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն Երևանում կայացած մամլո ասուլիսում: Նա նշել է, որ Հայաստանը բացառիկ ու շատ հետաքրքիր աշխարհագրական դիրք ունի և հարուստ պատմություն: Եվ այս երկրի հետ կապված ցանկացած պատմություն կարող է հիմք դառնալ ֆիլմի համար: Դեպարդյեն նշել է, որ ուրախ կլինի, եթե հաջողվի ֆիլմ նկարահանել Հայաստանի որևէ պատմական շրջանի մասին` ֆրանսահայ դերասանների մասնակցությամբ:

«Պատկերացրեք մի երիտասարդի, որը բնակվում է Ֆրանսիայում, երբեք չի եղել Հայաստանում և պատկերացնում է այդ երկիրը տատիկի ու պապիկի պատմություններով: Նրանք պատմել են Ցեղասպանության ու դրա հետ կապված սարսափների մասին: Ենթադրենք, որ այդ երիտասարդը բերում է ինձ իր հետ Հայաստան և պատմում է նրա մասին այնպես, ինչպես ինքն է պատկերացնում: Դա արդեն բավարար է ֆիլմ նկարահանելու և այսօրվա Հայաստանը ցույց տալու համար»,-ասել է դերասանը: