Ավստրիացի կոմպոզիտոր Իվան Էրյոդը կժամանի Հայաստան

Ավստրիացի կոմպոզիտոր Իվան Էրյոդը կժամանի Հայաստան

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 7-16-ին Հայաստանում տեղի կունենա երկրորդ հայ-ավստրիական երաժշտական փառատոնը, որի շրջանակներում Երևանում և Գյումրիում երկու համերգ կկայանա, դրա հետ միասին նաև կկազմակերպվեն հայտնի երաժիշտների վարպետության դասեր`հայ երիտասարդ կոմպոզիտորների և կատարողների համար:

«Այս փառատոնը կոչված է հիշեցնելու, որ ավստրիական երաժշտական դպրոցը աշխարհում լավագույններից մեկն է, սակայն հայ երիտասարդների մեջ երկու հիմնախնդիր գոյություն ունի` նրանց մի մասը չգիտի, թե դա իրենց ինչ կարող է տալ, իսկ մյուս մասը կարծում է, որ իրենք ամեն ինչ գիտեն: Այդպիսի մտածողություն ունենալով զարգանալ հնարավոր չէ», - նշել է փառատոնի ղեկավարներից մեկը` դաշնակահար Գոթլիբ Վալլիշը:

Բացի տրված այն հնարավորությունից, որ հանրահայտ ավստրիացի, գերմանացի, և հայ երաժիշտների վարպետության դասերն են լսելու, իրենց լավագույնս դրսևորած մասնակիցները հնարավորություն կունենան նաև վարպետների հետ Կոմիտասի անվ. Կամերային տանը կազմակերպվող համերգում նվագելու: Վարպետության դասերին մասնակցելու հայտ են ներկայացրել ոչ միայն Հայաստանի, այլև այլ երկրների ուսանողները:

«Տարեց տարի մեր համերգային ծրագրերը մեծանում են: Անցյալ տարի մենք ներկայացրեցինք միայն ավստրիական երաժշտություն, իսկ այս տարի կներկայացնենք նաև գերմանականը», - նշել է փառատոնի կազմակերպիչ Աննա Մարիա Փամերը (սոպրանո):

Ավանդույթի համաձայն, փառատոնին միշտ ներկա է լինում մեկ ավստրիացի երաժիշտ: Այս տարի փառատոնի մասնակիցները նվագելու են Իվան Էրոդի ստեղծագործությունները: Կոմպոզիտորն անձամբ ներկա է լինելու փառատոնին և երկու դասախոսություն է կարդալու «Նարեկացի» արվեստի կենտրոնում և Երևանի Կոմիտասի անվ. կոնսերվատորիայում: Բացի այդ, փառատոնում հնչելու են Շումանի և Մոցարտի, ինչպես նաև ամերիկահայ Ժաննա Սարգսյանի ստեղծագործությունները:

Հայ-ավստրիական երաժշտական փառատոնը Երևանում արդեն երկրորդ անգամ է կազմակերպվում` ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի և Վերին Ավստրայի գավառապետ Յոզեֆ Փյուռինգերի հովանավորության ներքո:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---