6 սեպտեմբերի 2010 - 16:15 AMT
Սեպտեմբերի կեսերին կկայանա «Մարաղա, 10 ապրիլի 1992թ. Սովորական ցեղասպանություն» ֆիլմի պրեմիերան

Ավարտին են հասցվել «Մարաղա, 10 ապրիլի 1992թ.» վավերագրական ֆիլմի թվով երրորդ` «Սովորական ցեղասպանություն» սերիայի աշխատանքները: Ֆիլմը պատմում է աշխարհի համար անհայտ մնացած ողբերգության, Լեռնային Ղարաբաղի Մարաղա գյուղի գազանաբար սպանված, գերեվարված, գերության մեջ տանջամահ արված ու անհայտ կորած տասնյակից ավել բնակիչների մասին: Մարաղայի խաչելությունը, որը դքսուհի Քերոլայն Քոքսն անվանել է «Ժամանակակից Գողգոթա, պարզապես` շատ ավելի դժոխային», ներկայացված է ականատեսների աչքերով, որոնց վկայությունները հաստատված են վավերագրական խրոնիկայի կադրերով:

«Ներկայումս Նոր Մարաղա գյուղում ապրող նախկին մարաղացիների պատմությունները լույս են սփռում նախկինում անհայտ շատ փաստերի վրա, որոնց միջոցով բացահայտվում են 1992թ. ապրիլի 10-ին կատարված ողբերգության պատճառներն ու հետևանքները,-ասում է «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը:- Մասնավորապես` մեզ հաջողվել է ապացուցել, որ ադրբեջանցիների կողմից Մարաղայի ոչնչացումը, մասսայական սպանություններն ու գյուղի բնակիչների` կանանց, երեխաների, ծերերի գերեվարումն անմիջական կապ ուներ Բաքվի նավթային շահերի հետ: Բացի այդ` ֆիլմում տեղ են գտել նախկինում անհայտ մի շարք այլ փաստեր և վկայություններ»:

Մարինա Գրիգորյանի խոսքերով, նոր ֆիլմերի թողարկման հետ զուգահեռ չեն դադարեցվում Բաքվում ու Սումգայիթում հայերի ցեղասպանության վերաբերյալ նոր փաստերի և տվյալների որոնումները: Այսպես, հայտնաբերվել են փաստաթղթեր, որոնք ապացուցում են հայերի գազանաբարո սպանությունները 1990թ-ի հունվարի Բաքվի ջարդերին նախորդող ժամանակահատվածում: Վերոնշյալ փաստերը կներկայացվեն «Բաքու` հունվար 1990» ֆիլմի նորացված տարբերակում:

«Մարաղա, 10 ապրիլի 1992թ. Սովորական ցեղասպանություն» ֆիլմի պրեմիերան կկայանա սեպտեմբերի կեսերին Հայաստանի Հանրային հեռուստաընկերությամբ:

«Սովորական ցեղասպանություն» նախագիծը նախաձեռնել է ՀՀ Նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության» կենտրոնը: Ֆիլմաշարի առաջին երկու ֆիլմերը` «Բաքու` հունվար 1990» և «Սումգայիթ` փետրվար 1988», ներկայացվել են համապատասխանաբար հունվարին և ապրիլին: Ֆիլմերը թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և արաբերեն լեզուներով: Ֆիլմերը տեղադրված են համացանցում և լայնորեն տարածվում են խտասկավառակների միջոցով: