7 սեպտեմբերի 2010 - 13:59 AMT
Տիգրան Բալայան. Բանակցային գործընթացի հիմնական խնդիրը ԼՂ կարգավիճակի հարցն է

Վերջին տարիների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների եւ արտաքին գործերի նախարարների, ԵԱՀԿ անդամ-երկրների արտաքին գործերի նախարարների մակարդակով ընդունվել են մի շարք հայտարարություններ, որտեղ սեւով սպիտակի վրա նշված է բանակցային գործընթացի հիմնական խնդիրը, որից Ադրբեջանը անհաջող կերպով փորձում է շեղել միջազգային հանրության ուշադրությունը, այն է` ԼՂ կարգավիճակի հարցը, ինչը պետք է որոշվի ԼՂ բնակչության` իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության ճանապարհով: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը` մեկնաբանելով Արդրբեջանի փոխարտգործնախարարի հայտարարությունները բանակցային գործընթացի վերաբերյալ:

Ինչպես նշել է ՀՀ ԱԳՆ խոսնակը, Արազ Ազիմովը երբեք չի մասնակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով գլխավոր հանդիպումներին եւ բանակցությունների բովանդակության մասին գիտի միայն լսելով: «Ակնհայտ է, որ պարոն Ազիմովին իր ղեկավարությանը գիտակցաբար խաբում է, որպեսզի նա շարունակի առավել վստահ մոլորության մեջ գցել իր երկրի հասարակական կարծիքը»,-ասել է Տիգրան Բալայանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: