7 սեպտեմբերի 2010 - 14:08 AMT
ՀՀ կրթության նախարարը հուսով է, որ իրանցի ուսանողների քանակը հայկական բուհերում կավելանա

Սեպտեմեբրի 22-23-ին Հայաստան կայցելի Իրանի գիտության և տեխնոլոգիաների երկու փոխնախարարների գլխավորած պատվիրակությունը: Այդ մասին Հայաստանի կառավարության մամլո կենտրոնում հայտարարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Ըստ նրա, պատվիրակությունը կայցելի մի շարք բուհեր, մասնավորապես, Երևանի պետական համալսարան, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Երևանի պետական ճարտարագիտական համալսարան, այն համալսարաններ, որոնց դիպլոմների ճանաչման հետ Իրանում խնդիրներ են առաջացել:

Ինչպես ասել է Արմեն Աշոտյանը, Իրանի պատվիրակությունը կայցելի նաև իրենց համար նոր բուհեր, այդ թվում Ֆրանսիական համալսարան, Ռուս-հայկական սլավոնական համալսարան: «Հուսով ենք, որ առաջիկայում կավելանա Իրանից ուսանելու նպատակով Հայաստան ժամանող ուսանողների քանակը և այդ միտումը տեսանելի կլինի ինչպես իրենց համար արդեն ավանդական դարձած բուհերում, այնպես էլ այն բուհերում , որոնք մտադիր է այցելել իրանական պատվիրակությունը»,-հավելել է նա: