7 սեպտեմբերի 2010 - 18:57 AMT
Սիրահարների այգում մեկնարկեց «Ձոն Տաթևին» խորագրով ֆլեշմոբը, որի նպատակն էր աջակցել «i-Buy» ֆոնդահայթայթման քարոզարշավին

Սեպտեմբերի 4-ին Սիրահարների այգում մեկնարկեց «Ձոն Տաթևին» խորագրով ֆլեշմոբը , որի նպատակն էր աջակցել «i-Buy» ֆոնդահայթայթման քարոզարշավին: Միջոցառումը կազմակերպվել էին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը և Հայկական ֆլեշմոբ դիվիզիան, որին աջակցում էին ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» նախաձեռնությունը և «Դեպի Հայք» ՀԿ-ն:

Միջոցառման շրջանակներում ծառերից ամրացվել էր տասնհինգ պաստառ` Տաթևի վանական համալիրի գծանկարով: Գունավոր մարկերներ էին տրամադրվում բոլոր նրանց, ովքեր ցանկանում էին իրենց բարեմաղթանքը թողնել համալիրին և տարածաշրջանին: Մոտ երկու ժամ տևած միջոցառման ընթացքում ավելի քան հարյուր տարբեր տարիքի անցորդներ, ինչպես նաև «Արի տուն» նախաձեռնության և «Դեպի Հայք» ՀԿ-ի կամավորները ծանոթացան միջոցառման նպատակին և պաստառների վրա թողեցին իրենց բարեմաղթանքները:

Նախաձեռնության նպատակն էր համատեղել Հայաստանի և սփյուռքի երիտասարդության ներուժը` հանուն Տաթևի վանական համալիրի վերականգնման և Տաթևի տարածաշրջանի կայուն զարգացման` միևնույն ժամանակ հասարակության և լրատվամիջոցների ուշադրությունը սևեռելով «i-Buy» ֆոնդահայթայթման քարոզարշավի վրա:

«Երկու ամսից էլ քիչ ժամանակում ակնկալվող «Տաթևի վերածնունդ» ծրագրի բացման արարողության շրջանակներում փորձում ենք իրականացնել առավելագույն հանրային իրազեկում: Կարծում ենք, որ մասնակցության և սոցիալական ցանցերում հետագա տեղեկատվության տարածման արդյունքում հնարավոր կդառնա ծրագրի վերաբերյալ տեղեկատվությունը տարածել առավել արդյունավետ կերպով: Սա իր հերթին կնպաստի Տաթևի աջակիցների քանակի ավելացմանը: Հաջորդ համանման նախաձեռնությունը տեղի կունենա Գյումրիում` սեպտեմբերի 15-ին», - նշել է հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Զառա Ամատունին` PanARMENIAN.Net-ի հետ զրույցի ընթացքում:

Աշխարհի հայերին և արտասահմանցիներին «Տաթևի վերածնունդ» ծրագրում ներգրավելու նպատակով Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամն սկսել է աննախադեպ ֆոնդահայթայթման արշավ: Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են իրենց ներդումն ունենալ ծրագրում, կարող են www.tatev.am կայքից առցանց գնել «Տաթևի վերածնունդ» ծրագրի 10 դոլար արժողությամբ ֆոնդահայթայթման տոմս: Հավաքագրված միջոցները կուղղվեն 50 մլն ԱՄՆ դոլարի ներուժ ունեցող ծրագրին: Նվիրատվությունն իրականացնելիս հարկ է հիշել, որ 10 դոլար արժողությամբ տոմսը կարող է նաև հնարավորություն ընձեռել հաղթելու 5,000 ԱՄՆ դոլար արժողությամբ նվեր: Այսպիսով, երկու հաղթողներ կստանան բոլոր տրանսպորտային և կեցության ծախսերը հոգացող հրավերք` երկու անձի համար և հնարավորություն` մասնակցելու 2010 թվականի հոկտեմբերի 16-ին կայանալիք «Տաթևի վերածնունդ» ծրագրի հանդիսավոր բացման արարողությանը: Նրանք բացառիկ հնարավորություն կունենան բացման օրը Որոտան գետի կիրճի վրայով երթևեկել Տաթև աշխարհի ամենաերկար ճոպանուղով: