7 սեպտեմբերի 2010 - 19:29 AMT
ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 7.25%

2010 թ. սեպտեմբերի 7-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 7.25%:

2010 թ. օգոստոսին նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 1.3% գնաճ, որի պարագայում 12-ամսյա ցուցանիշն աճել է նախորդ ամսվա նույն ցուցանիշի նկատմամբ 1.8 տոկոսային կետով` կազմելով 9.6%:

Խորհուրդը փաստեց, որ 12-ամսյա գնաճի արագացումը հիմնականում արդյունք է պարենային ապրանքների միջազգային շուկաների և գյուղատնտեսության ոլորտի զարգացումներով պայմանավորված` «Հացամթերք», «Բանջարեղեն և կարտոֆիլ» և «Միրգ» ապրանքախմբերում գների աճի: Խորհուրդը գնահատում է, որ չնայած գնաճի ցուցանիշը էապես գերազանցում է նպատակային միջակայքի վերին սահմանը, այդուհանդերձ, այն առաջարկի շոկերի արդյունք է, որոնք, քիչ հավանական է, որ կունենան շարունակական բնույթ: Ակնկալվում է, որ հետագա ամիսներին 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի` կանխատեսվող 1 տարվա հորիզոնում ձևավորվելով նպատակային միջակայքի վերին սահմանի մոտ:

Միաժամանակ Խորհուրդը միակարծիք է, որ ներքին պահանջարկի աստիճանական վերականգնումը դեռևս գնաճային ճնշումներ չի առաջացնում, ավելին, տարեսկզբից դրամավարկային պայմանների խստացումը և արժութային շուկայի ներկա զարգացումները շարունակում են նպաստել գնաճային միջավայրի մեղմմանը: Հաշվի առնելով բացառապես առաջարկի գործոններով գնաճի արագացման փաստը, ինչպես նաև պարենային ապրանքների միջազգային շուկաների ապագա զարգացումների անորոշությունները, խորհուրդը նպատակահարմար գտավ շարունակել ձեռնպահ մնալ դրամավարկային պայմանների խստացումից: Այս մասին հաղորդում է ՀՀ ԿԲ մամլո ծառայությունը: