8 սեպտեմբերի 2010 - 17:29 AMT
Յոհաննես Ուոլթերս. Ես հատուկ ժամանել եմ Հայաստան տեսնելու համար հայ անիմատորների աշխատանքները

«Ինձ շատ է դուր գալիս ReAnimania փառատոնը, ըստ իս, կազմակերպիչները հիանալի աշխատանք են կատարել»,-ասել է հայտնի գերմանացի լրագրող, անիմացիոն քննադատ Յոհաննես Ուոլթերսը սեպտեմբերի 8-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում: Պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին` նա ընդգծել է, որ հետագայում ևս հաճույքով կհամագործակցի ReAnimania փառատոնի հետ:

«Մենք հեռուն գնացող պլաններ ունենք, Յոհաննես Ուոլթերսի հետ կապված, և հուսով ենք, որ նա կդառնա փառատոնի օտարերկրացի խորհրդատուն, քանի որ նա հանրահայտ անիմատորների հետ շփման մեծ փորձ ունի և հնարավոր է, որ ապագայում հենց նա հրավիրի նրանց մասնակցելու ReAnimania-ին: Կարծում եմ, որ մենք մշտական գործընկերներ կդառնանք»,-ասել է փառատոնի նախագահ Վրեժ Քասունին:

Այսօր Ուոլթերսը վարպետության դաս է անցկացրել լրագրողների համար «Նարեկացի» արվեստի կենտրոնում: Մամլո ասուլիսում նա նշել է, որ այնտեղ քննարկվել են շատ կարևոր ու հետաքրքիր թեմաներ: «Ես կարծում եմ, որ անիմացիան մեծ արվեստ է: Այն եզակի լեզու ունի` կարելի է անիմացիոն ֆիլմ նկարահանել նվազագույն քանակի հնչյուններով ու երկխոսություններով, սակայ շատ բան ասել: Դրա օրինակն է ֆրանսիական «Իլյուզիոնիստ» ֆիլմը»,-ասել է քննադատը:

Յոհաննես Ուոլթերսը նշել է, որ հատուկ ժամանել է Հայաստան տեսնելու համար հայ անիմատորների աշխատանքները և խոստացել է անպայման գրել դրա մասին իր բլոգում: