Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ԱԱ-ում Հայաստանի հավաքականն ընդհանուր թիմային հաշվարկով զբաղեցրել է 4-րդ տեղը

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ԱԱ-ում Հայաստանի հավաքականն ընդհանուր թիմային հաշվարկով զբաղեցրել է 4-րդ տեղը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 8-ին Մոսկվայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտիաշխարհի առաջնությունում Արսեն Ջուլֆալակյանը (74 ք/կ) նվաճեց արծաթե մեդալ` եզրափակչում զիջելով աշխարհի գործող չեմպիոն Սելջուկ Չեբիին (Թուրքիա):

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ հակառակորդն իսկապես ուժեղ էր, բայց իր սանը տվյալ պահին պատրաստ էր չեմպիոն դառնալու համար, և դա ապացուցեց մենամարտը: «Թուրք մարտիկն օգտագործել էր մարմնի յուղ, որը մարմինը սայթաքուն էր դարձնում և արգելված է ըմբշամարտում: Արսենը երկու անգամ բարձրացրեց հակառակորդին, բայց չկարողացավ գետնել և միավոր կորցրեց»,- ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը:

Չնայած նրան, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտում Հայաստանը չկարողացավ ոսկե մեդալ նվաճել, մարզիչը կարծում է, որ արծաթե մեդալը Հայաստանի և հայ երկրպագուների մեծ ձեռքբերումն է: «Կփորձենք մյուս տարի փոխել նվաճած մեդալների գույնը»,- նշել է Ջուլֆալակյանը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ԱԱ-ում մեդալներ են նվաճել նաև Ռոման Ամոյանը (55ք/կ), որը դարձել է բրոնզե մեդալակիր, Յուրի Պատրիկեևը (120 ք/կ)` արծաթե մեդալակիր, Հայաստանի հավաքականն ընդհանուր թիմային հաշվարկով 26 միավորով զբաղեցրել է 4-րդ տեղը, առաջին տեղում Ռուսաստանի հավաքականն է 46 միավորով:

Սեպտեմբերի 10-ին աշխարհի առաջնությունում հանդես կգան ազատ ոճի մարզիկները 55 ք/կ-ում: Հայաստանը կներկայացնի Գեղամ Բաբախանյանը:

PanARMENIAN.Net ին ԱԱ-ն լուսաբանելիս աջակցել է «Արմավիա» ավիաընկերությունը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---