9 սեպտեմբերի 2010 - 15:40 AMT
Երևանում կայացել է «Մարաղա` 20-րդ դարի գողգոթան» նախագծի շնորհանդեսը

«Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն» կազմակերպությունը Երևանում ներկայացրել է նոր կայք և ֆիլմ 1992-ի ապրիլի 10-ի ողբերգական դեպքերի մասին, որոնք տեղի են ունեցել ԼՂՀ Մարդակերտի շրջանի Մարաղա գյուղում:

«Մարաղա` 20-րդ դարի գողգոթան» նախագծի շնորհանդեսի ժամանակ նախագծի հեղինակները հաղորդեցին, որ Maragha.org եռալեզու կայքը տեղեկատվություն է պարունակում ադրբեջանական բանակի կողմից գյուղի բնակչության նկատմամբ իրագործած ցեղասպանության մասին: «Այդ կայքի նպատակն այն է, որ մարդիկ, ի վերջո, գիտակցեն, թե ինչի է հանգեցնում պատերազմը: Այսօր Ադրբեջանը խրախուսում է նման հանցագործությունները`հերոսի կոչում շնորհելով հայ զինվորին սպանած ադրբեջանցի սպային»,- ասել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

1992-ի ապրիլի 10-ին ադրբեջանական միլիցիայի հատուկ նշանակության ջոկատը Մարաղա գյուղում հրկիզել է գյուղը և կոտորել բնակչությանը: Մարաղան մինչև հիմա շարունակում է մնալ Ադրբեջանի հսկողության տակ: Մարաղայի ողբերգական դեպքերի ընթացքում սպանված հայերի թիվը տատանվում է 80-100-ի միջև: Ավելի քան 40 մարդ վիրավորվել է, 63-ը` գերի վերցվել: