10 սեպտեմբերի 2010 - 12:16 AMT
Էդուարդ Շարմազանով. Միջնորդ երկրները հասկացրեցինի Բաքվին, որ այլևս չեն հանդուրժի վերջնագրերի վրա հիմնված քաղաքականությունը

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կառուցողական դիրքորոշման և հայ դիվանագիտության ճնշման շնորհիվ ադրբեջանական կողմը հանեց Ղարաբաղի վերաբերյալ իր փաստաթուղթը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի քվեարկությունից: Այդ մասին այսօր PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Ըստ Շարմազանովի, դեռ մինչ այդ փաստաթղթի քվեարկության դնելը ՄԱԿ-ի ԳՎ-ում, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ հայկական կողմը անպայման պատասխան գործողություններ կձեռնարկի: «Հենց հայ դիվանագիտության պատասխան գործողությունների շնորհիվ ադրբեջանական կողմը ֆիասկո կրեց»,-նշել է նա:

Ինչպես նշել է Շարմազանովը, եթե մինչ օրս Ադրբեջանն իր ապակառուցողական նախաձեռնությունների համար հրապարակային ապտակ չէր ստանում համանախագահ երկրների կողմից, ապա այժմ միջնորդ երկրները հասկացնել տվեցին Բաքվին, որ այլևս չեն հանդուրժի վերջնագրերի վրա հիմնված քաղաքականությունը: