10 սեպտեմբերի 2010 - 13:27 AMT
Դավիթ Ջամալյան. Բաքվի դիվերսիաները հազիվ թե վերաճեն լուրջ պատերազմի

Ռուսաստանն արդեն իսկ հասկացրել է, որ ղարաբաղյան հակամարտության գոտում լայնածավալ ռազմական գործողությունների սցենարն իր համար անցանկալի է: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարին առընթեր Հասարակական խորհրդի անդամ, ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը` մեկնաբանելով Ադրբեջանի դիվերսիոն գործողությունները:

Ըստ նրա, ադրբեջանական կողմը դա լավ է հասկանում և միշտ փորձում է լարվածություն ստեղծել Ղարաբաղի ու Ադրբեջանի ԶՈւ շփման գծում, փոխելու համար իրավիճակը և ստիպելու համար գերտերություններին այլ մոտեցումներ որդեգրել: «Այստեղ շատ կարևոր է մեր դիրքորոշումը` սկզբից լուծվում է Ղարաբաղի կարգավիճակի հարցը և հետո միայն մնացած հարցերը: Եթե մենք նահանջենք մեր դիրքորոշումից, ապա արտաքին ճնշումը Հայաստանի վրա կուժեղանա»,-ասել է փորձագետը: Նա նշել է նաև, որ Բաքվի դիվերսիաները Ադրբեջանի քաղաքական սցենարի մի մասն են: «Չեմ կարծում, թե դրանք կվերաճեն պատերազմի: Պատերազմի սպառնալիքը միշտ կա, սակայն, ես այն քիչ հավանական եմ համարում առաջիկայում»,-ասել է Ջամալյանը: