10 սեպտեմբերի 2010 - 14:41 AMT
Կալիֆոռնիայի հայկական եկեղեցիներում կհիշատակեն 2001 թ. սեպտեմբերի 11-ի զոհերին

ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Մուշեղ Մարտիրոսյանը կարգադրել է Արևմտյան ափի Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հոգեհանգստի արարողություն կատարել: Կիրակի օրը, քանի որ նշվում է Սբ Խաչվերացի տոնը, իսկ սրբատոնի օրերին հոգեհանգիստ չի կատարվում, ապա պատարագից հետո կհիշատակվեն ողբերգության 3000 զոհերի անունները:

2001 թ. սեպտեմբերի 11-ին, ենթադրաբար, «Ալ Քաիդայի» հետ հարաբերություններ ունեցող 19 ահաբեկիչներ չորս խմբի բաժանված զավթել էին չորս մարդատար ինքնաթիռ: Ամեն խմբի առնվազն մեկ անդամը օդաչուական պատրաստություն էր ստացել: Երկու օդանավ ուղղություն էին վերցրել դեպի ԱՄՆ Համաշխարհային առևտրի տուն (WTC), 11-րդ չվերթը` դեպի American Airlines WTC 1, իսկ 175 –րդ չվերթը` դեպի United Airlines WTC 2-ը: Արդյունքում երկու աշտարակները փուլ եկան` շրջապատում մեծ ավերածություններ առաջացնելով: 77-րդ չվերթի երրորդ ինքնաթիռը ուղևորվել էր դեպի Պենտագոն:

Չորրորդ ինքնաթիռի հրամանատարական կազմը և ուղևորները փորձել էին ահաբեկիչներից խլել ինքնաթիռի կառավարումը, սակայն ինքնաթիռն ընկել էր Պենսիլվանիայի նահանգի Շենքսվիլ քաղաքի մոտ: Այդ ինքնաթիռը հրաման էր ստացել Սպիտակ տունը պայթեցնելու:

Բացի 19 ահաբեկիչներից, այդ աներևակայելի ահաբեկչության զոհ էր դարձել 2974 մարդ, իսկ 24 մարդ անհայտ կորել էր: