10 սեպտեմբերի 2010 - 14:45 AMT
Հայաստանը և Բուլղարիան իրենց փորձը կփոխանակեն փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ոլորտում

Սեպտեմբերի 10-ին ավարտվեցին Հայ-բուլղարական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հանձնաժողովի 6-րդ նիստի աշխատանքները:

Երկօրյա նիստի աշխատանքների արդյունքում Միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի նախագահ, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը և բուլղարական կողմի նախագահ, Բուլղարիայի Հանրապետության տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի նախարար Ալեքսանդր Ցվետկովը ստորագրեցին նիստի արձանագրությունը, իսկ Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) զարգացման ազգային կենտրոն հիմնադրամի և Բուլղարիայի ՓՄՁ զարգացման գործակալության միջև ստորագրվեց փոքր և միջին ձեռնարկատիրության բնագավառում համագործակցության վերաբերյալ հուշագիր: Հուշագրի շրջանակներում, Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) զարգացման ազգային կենտրոն հիմնադրամը և Բուլղարիայի ՓՄՁ զարգացման գործակալությունը կիրականացնեն փորձի փոխանակում մի շարք ուղղություններով, այդ թվում` փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման, արտահանման, տարածաշրջանային զարգացման, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, հաղորդում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության մամուլի ծառայությունը: