10 սեպտեմբերի 2010 - 19:24 AMT
ԵՊՀ-ում բացվեց լուսանկարիչներ Աշոտ Պողոսյանի և Ռուբեն Բաղդիշյանի «Հայաստանի կանգնեցված պահեր» ցուցահանդեսը

Նախօրեին Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի 6-րդ հարկում բացվեց «Հայաստանի կանգնեցված պահեր» ցուցահանդեսը:

Ցուցահանդեսում ներկայացված են մի շարք միջազգային մրցույթների մասնակիցներ Աշոտ Պողոսյանի և Ռուբեն Բաղդիշյանի` վերջին ամիսներին արված լավագույն լուսանկարները` Հայաստանի և Արցախի տեսարժան ու պատմամշակութային վայրերի, ինչպես նաև հայրենի բնության բացառիկ պահերի պատկերներով:

Ցուցահանդեսն իրականացվում է ԵՊՀ ուսանողական խորհրդի աջակցությամբ: Ըստ լուսանկարների համահեղինակ Ռուբեն Բաղդիշյանի, նախորդ` «Մեր պապերից մնացածը» խորագրով ցուցահանդեսի ժամանակ ավելի պարզ օբյեկտներ էին պատկերված` մեծ ու ամբողջական: Իսկ այստեղ փորձ է կատարվել պատկերել բնության այնպիսի երևույթներ, որոնք չեն կրկնվում, օրինակ` մառախուղի մոտենալը:

Աշոտ Պողոսյանի խոսքերով` լուսանկարչության մեջ մոտեցում կա, համաձայն որի երկրորդականը ներկայացվում է որպես գլխավոր: Ցուցահանդեսը համատեղ կազմակերպելու գաղափարը ծնվել է նրանից, որ երկու լուսանկարիչների ոճերը համընկնում են:

Ցուցահանդեսն այսօրվա ընթացքում դիտել է ավելի քան 2000 մարդ: Այն ԵՊՀ-ում կտևի մինչև սեպտեմբերի 16-ը, հաղորդում է «Հայաստանի կանգնեցված պահեր» ցուցահանդեսի մամլո պատասխանատու Գուրգեն Ասլանյանը:

Ռուբեն Բաղդիշյանը (ծնվ. 1987թ.) և Աշոտ Պողոսյանը (ծնվ. 1989թ.) սկսել են լուսանկարել պատանեկության տարիներից և մասնակցել են մի շարք հեղինակավոր միջազգային լուսանկարչական մրցույթների ու ցուցահանդեսների, որոնց թվում են World Press Photo-ն և World photo view-ն: Ուկրաինական «Украина глазами иностранцев» («Ուկրաինան արտասահմանցիների աչքերով») ֆոտոմրցույթում Ռուբեն Բաղդիշյանը 2009թ. զբաղեցրել է առաջին տեղը: