11 սեպտեմբերի 2010 - 13:47 AMT
Ադրբեջանի քաղաքականությունը տանուլ տված երկրի պարտվողական քաղաքականություն է

«Ղարաբաղյան խնդրի քննարկումը ՄԱԿ տեղափոխելու Բաքվի ջանքերը քարոզչական նպատակ ունեն: Ներկայացված բանաձևն ավելի շուտ կապված էր Ադրբեջանում կայանալիք ընտրությունների հետ, քան հակամարտությունը կարգավորելու ցանկության հետ»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

Ըստ քաղաքագետի, հայ դիվանագիտությունը պետք է ակտիվ լինի ՄԱԿ-ում, սակայն, կարիք չկա պատասխանել Ադրբեջանի գործողություններին: «Վարվել այնպես, ինչպես Ադրբեջանը, սխալ է, քանի որ Ադրբեջանի քաղաքականությունը ֆրուստրացիա ապրող երկրի պարտվողական քաղաքականություն է»,-ասել է քաղաքագետը:

Իսկանդարյանը նշել է, որ աճող լարվածությունը սահմանում կարելի է բացատրել ադրբեջանական իշխանությունների նյարդայնությամբ: Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի դիվերսիոն գործողություններին, ապա ըստ Իսկանդարյանի, նպատակը հայկական կողմի կարողությունները տնտղելն էր:

Այս ֆոնի վրա քաղաքագետը գտնում է, որ մինչև դեկտեմբեր (ԵԱՀԿ գագաթնաժողով Աստանայում) հիմքեր չկան մեծ բեկումներ ակնկալելու հակամարտության կարգավորման հարցում: