12 սեպտեմբերի 2010 - 16:37 AMT
Հայաստանի արտգործնախարարն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի օգնական Թինա Քայդանաուին

Սեպտեմբերի 12-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի օգնական Թինա Քայդանաուին: Ողջունելով հյուրին` Հայաստանի արտգործնախարարն ասաց, որ Հայաստանը կարևորում է Միացյալ Նահանգների հետ բարեկամական գործընկերության ու համագործակցության ամրապնդումը և բազմաբովանդակ հարաբերությունների խորացումը:

Երկուստեք նշվեց, որ վերջին շրջանում հայ-ամերիկյան հարաբերությունները որակապես նոր մակարդակի են բարձրացել, ինչը նշանավորվեց Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի այցելությամբ Վաշինգտոն, հանդիպումով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի երևանյան այցելությամբ:

Նախարար Նալբանդյանը և պետքարտուղարի տեղակալի օգնական Քայդանաուն հանգամանալից զրույց ունեցան հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա ընդլայնման և զարգացման հնարավորությունների շուրջ:

Թինա Քայդանաուն իր հերթին նշեց, որ Հայաստանը կարևոր գործընկեր է հանդիսանում Միացյալ Նահանգների համար, որն ակնկալում է շարունակել գործակցությունը Հայաստանի հետ տնտեսական զարգացման խթանման, բարեփոխումների իրականացման, տարածաշրջանում կայունության ամրապնդման ասպարեզներում:

Էդվարդ Նալբանդյանն ու Թինա Քայդանաուն մտքեր փոխանակեցին արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցությունների վերջին զարգացումների շուրջ, տարածաշրջանային և միջազգային երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: