Հայ լրագրողները հատուկ ստուգման են ենթարկվել Ստամբուլի օդանավակայանում

Հայ լրագրողները հատուկ ստուգման են ենթարկվել Ստամբուլի օդանավակայանում

PanARMENIAN.Net - Հայ լրագրողները հատուկ ստուգման են ենթարկվել Ստամբուլի օդանավակայանում: Այդ մասին հայտնել է Երեւանի մամուլի ակումբի նախագահ` Բորիս Նավասարդյանը, որը մի խումբ հայ լրագրողների հետ մեկնել է Ստամբուլ՝ տարածաշրջանային կոնֆերանսին մասնակցելու նպատակով: Նրա հայտարարության մեջ ասվում է. «Մենք (11 հոգի) ժամանել էինք Ստամբուլ` մեր կողմից կազմակերպված տարածաշրջանային կոնֆերանսին մասնակցելու նպատակով : Մեզ հետ նույն չվերթով Երեւանից ժամանած մոտ երկու տասնյակ ուղեւորների թուրքական իմիգրացիոն ծառայությունները հատուկ ստուգման եւ հարցապնդման էին ենթարկել: Մասնավորապես, ապացույցներ էին պահանջում` թե արդյո±ք եկածները մնալու, կացության եւ վերադարձի համար բավարար միջոցներ ունեն: Շեշտեմ, որ այդ կարգի ստուգման ենթարկել էին բացառապես միայն Երեւանից ժամանած չվերթի ուղեւորներին»:

«Ստուգման ենթարկվածների մեջ էին նաեւ Հրանտ Դինք հիմնադրամի կողմից հրավիրված մի խումբ այլ լրագրողներից չորսը: Չնայած Հրանտ Դինք հիմնադրամի ներկայացուցիչը, որն ուղեկցում էր այդ խմբին Երեւանից, ներկայացրել էր այդ չորս հոգու ով լինելը, թուրք ծառայողները շարունակում էին պահանջել, որպեսզի լրագրողները ցույց տան իրենց մոտ եղած կանխիկ գումարները եւ ապացուցեն, որ ունեն հյուրանոց եւ այլն:

Իմանալով այդ մասին, ես հրաժարվեցի սահմանային անցակետը հատել եւ հայտարարեցի, որ կանցնեմ միայն ստուգման ենթարկված լրագրողներից հետո: Իմիգրացիոն ծառայության պատասխանատուները սպառնացին դեպորտացիայի ենթարկել ինձ: Ես ասացի` խնդրեմ: Հետո միջադեպին խառնվեցին մեզ դիմավորող մեր թուրք գործընկերների ներկայացուցիչները եւ Հրանտ Դինքի դուստր Դելալ Դինքը, որն ինձ հետ միացել էր հեռախոսով: Մոտ երկու ժամ հետո լրագրողներին թույլ տրվեց անցնել սահմանը: Ես անցա անմիջապես նրանցից հետո:

Այսօր մեր կոնֆերանսի բացման ժամանակ ես կանեմ համապատասխան հայտարարություն»,-ասվում է Բորիս Նավասարդյանի հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---