14 սեպտեմբերի 2010 - 18:09 AMT
Երևանի պետական համալսարանի ուսանողները դժգոհ են ԵԱՀԿ Մինսկի խմբի կեցվածքից

Երևանի պետական համալսարանի ուսանողները իրենց խիստ անհանգստությունն են հայտնում վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի կապակցությամբ: Այդ առնչությամբ ԵՊՀ ուսանողական խորհուրդը հայտարարությամբ դիմել է ԵԱՀԿ նախագահ, Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար պարոն Կանատ Սաուդաբաևին և ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար պարոն Մարկ Պերրեն Դե Բրիշամբոյին: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Կարծում ենք, Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության գլխավոր սպառնալիքը ներկայումս հանդիսանում է Ադրբեջանի ղեկավարության ռազմատենչ քաղաքականությունը, որի հետևանքներն են Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններին ադրբեջանական դիվերսիոն խմբերի ակտիվացման փորձերը, արձակվող կրակահերթերը, հաճախակի դարձած բազմաբնույթ սադրանքները և որպես հետևանք` մարդկային զոհերը»:

«Ցանկանում ենք հատուկ ընդգծել, որ Երևանի պետական համալսարանի ուսանողությունը չի ցանկանում պատերազմ, բայց և չի վախենում պատերազմից:

Հայտնում ենք Ձեզ, որ վերջերս հաճախակի դարձած սադրանքների հարցում Երևանի պետական համալսարանի ուսանողները դժգոհ են ԵԱՀԿ Մինսկի խմբի կեցվածքից: Որպես հակամարտության կարգավորման միջնորդ կողմ` ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է արդար գնահատական տա և դատապարտի սահմանային հատվածում տեղի ունեցող սադրանքների կազմակերպիչ կողմին` Ադրբեջանին, և ոչ թե սահմանափակվի կողմերին հրադադարի ռեժիմը պահպանելու կոչեր անելով: Ադրբեջանը 1938 թ-ի Գերմանիան չէ, և ոչ էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն է 1938 թ-ի Սուդետական մարզը, թույլ մի՛տվեք Չեմբեռլենի և Դալադիեի սխալը. ագրեսորին զսպել և խաղաղեցնել է պետք, ոչ թե սիրաշահել: Կոչ ենք անում Ձեզ ձեռնարկելու քայլերª զսպելու ագրեսորին` նավթադոլարային գլխապտույտի մեջ ընկած ադրբեջանական ղեկավարությանը, հակառակ պարագայում կխաթարվի անվտանգությունը ողջ տարածաշրջանում»,-ասվում է ԵՊՀ ուսխորհրդի հայտարարության մեջ: