Սլովակիայի խորհրդարանի առաջին նախագահը առաջարկում է Հայաստանին վերադարձնել Արարատ լեռը

Սլովակիայի խորհրդարանի առաջին նախագահը առաջարկում է Հայաստանին վերադարձնել Արարատ լեռը

PanARMENIAN.Net - Սլովակիայի խորհրդարանի առաջին նախագահ, խորհրդարանի պատգամավոր, Սլովակիայի քրիստոնեա դեմոկրատական միության հիմնադիր, Սլովակիայի ազատության համար պայքարի ականավոր մարտիկ Ֆրանտիշեկ Միկլոշկոն ելույթ է ունեցել սեպտեմբերի 10-ին Լեհաստանում կայացած «Թուրքիայի նոր արտաքին քաղաքականությունը խորագրով համաժողովում։

«Հարգելի տիկնայք և պարոնայք, Թուրքիայի նոր արտաքին քաղաքականությունը հասկանալու համար լակմուսի թուղթ են Թուրքիայի հարաբերությունները Հայաստանի հետ։ Թուրքիան 70 մլն բնակիչ ունի, իսկ Հայաստանը՝ 3 մլն։ Երկու երկրներում էլ խորհրդարանական համակարգ է հաստատված, իսկ կառավարությունը նշանակվում է ընտրությունների արդյունքում, ընդ որում՝ Թուքիան ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ այդ կազմակերպության դոկտրինը հիմնված է ժողովրդավարության և հումանիզմի վրա։

Եվ, չնայած դրան, հայ-թուրքական սահմանի ամբողջ երկայնքով փշալար է ձգվում՝ Հայաստանի համար փակելով բոլոր ելքերը։ Դա ինձ հիշեցնում է «սոցիալիզմի» դարաշրջանը Չեխոսլովակիայում, երբ նման իրավիճակ էր Սլովակիայի և Ավստրիայի սահմանին։ Սակայն այն ժամանակ դիմակայության կողմերն էին տոտալիտար Չեխիան և ժողովրդավարական Ավստրիան։

Հայաստանի և Թուրքիայի միջև չկա գաղափարական անտագոնիզմ, այդուհանդերձ, Թուրքիան Հայաստանի նկատմամբ տրանսպորտատնտեսական ու քաղաքական շրջափակում է իրականացնում։

Դա շատ ավելի վատ է, քան Չեխոսլովակիայում «սոցիալիզմի ժամանակ էր, քանի որ այս երևույթը գաղափարական պատճառաբանության չի ենթարկվում։

Ես նույն ռեժիմի ծնունդ եմ, սակայն 20 տարի է արդեն, ինչ ապրում եմ ազատ երկրում և ոչ մի կերպ կատարվածը չեմ հասկանում։ Քաղաքականության իմաստն այսօր և վաղը լավագույնի համար պայքարելն է, սակայն անցյալը հնարավոր չէ շրջանցել ու մոռանալ։ Ես 1990թ. եղել եմ ազատ Սլովակիայի խորհրդարանի առաջին նախագահը և ես եմ անցկացրել երկու բանաձևերը մեր խորհրդարանում՝ 1. Առաջին բանաձևով Սլովակիայի խորհրդարանը ներողամտություն էր հայցում Սլովակիայի՝ ազգությամբ հրեա քաղաքացիներից՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Սլովակիայից արտաքսվելու համար։ 2. Երկրորդ բանաձևի համաձայն՝ ներողամտություն էր հայցվում ազգությամբ գերմանացի Սլովակիայի քաղաքացիներից՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Սլովակիայից արտաքսելու համար։

Մի՞թե սա հանուն ավելի լավ ապագայի կառուցման՝ անցյալի անփառունակ էջերի հետ քաղաքակիրթ հաշտեցման օրինակ չէ։ Թուրքիան չի կարող հերքել 1915թ. հայերի Ցեղասպանություն իրականացնելու փաստը, չէ՞ որ հայերը ոչնչացվել են իրենց իսկ հողերի վրա, միայն նրա համար, որ հայ են։

Եվ, վերջապես, ցանկանում եմ անդրադառնալ խորհրդանշական, սակայն կարևոր մի հարցի։ Խոսքը բիբլիական Արարատ լեռան մասին է։ Հայերի համար այն իրենց պատմական քրիստոնեական ժառանգության հարցն է։ Ե՞րբ է Թուրքիան ազատ մուտքի հնարավորություն տալու դեպի Արարատ։ Թույլ տվեք սուր դնել հարցը. հնարավոր չի՞ համարում արդյոք ժամանակակից Թուրքիան Արարատ լեռան վերադարձը հայերին։ Դա կլիներ աննախադեպ քայլ ոչ միայն ապագա խաղաղ գոյակցության, այլև ամբողջ աշխարհում Թուրքիայի հեղինակության բարձրացման համար։

Շնորհակալություն ուշադրության համար»: Այս մասին հաղորդել է ՀՅԴ մամլո դիվանը:

 Ուշագրավ
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված հետազտությունների արդյունքները
«Հուսով եմ, որ պատվաստանյութը կգործի ոչ թե 1-2 տարի, այլ ցմահ»,-ասել է Գինցբուրը
---