15 սեպտեմբերի 2010 - 17:10 AMT
Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկները պատրաստվում են Եվրոպայի գավաթի խաղարկությանը

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 21-24-ը կմասնակցի Եվրոպայի գավաթի խաղարկությանը, որը տեղի կունենա Խարկովում:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանն ասել է, որ Եվրոպայի գավաթում Հայաստանը կներկայացնի 4 բռնցքամարտիկ. «Այդ մրցաշարին մասնակցելու են Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մրցանակակիրներ` ԵԱ բրոնզե մեդալակիր Հովհաննես Դանիելյանը (48 ք/կ), Եվրոպայի չեմպիոն Հրաչիկ Ջավախյանը (64 ք/կ), 2009-ի աշխարհի արծաթե մեդալակիր Անդրանիկ Հակոբյանը (75 ք/կ) և ԵԱ բրոնզե մեդալակիր Արթուր Խաչատրյանը (81 ք/կ)»,- ասել է Մեհրաբյանը:

Մինչև Եվրոպայի գավաթի խաղարկությունը հավաքականը կանցկացնի երկու ուսումնամարզական հավաք` սեպտեմբերի 17-28-ը Ծաղկաձորում, հոկտեմբերի 3-20-ը` Աբովյանում: «Աբովյանում մեզ կմիանան բռնցքամարտիկներ Մարոկկոյից: Կարծում եմ, որ այդ համատեղ հավաքը մեր բռնցքամարտիկներին փորձ կտա, քանի որ Մարոկկոյի բռնցքամարտիկները շատ ուժեղ են և տեխնիկապես լավ պատրաստված»,- ընդգծել է Հայաստանի հավաքականի մարզիչը: