15 սեպտեմբերի 2010 - 17:12 AMT
Ռոբերտ Սիմոնսը տպավորված է հայ փրկարարների պատրաստվածության մակարդակով

«Ես մեծ նշանակություն եմ տալիս տարերային աղետի հետևանքների վերացման ուղղությամբ «Հայաստան-2010» ՆԱՏՕ-ի զորավարժություններին, քանի որ կարծում եմ, թե դրանով Հայաստանը սեյսմիկ ռիսկի նվազեցման ևս մեկ քայլ է կատարում», - Լուսակերտում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Նա վստահեցրել է, որ զորավարժությունները բարձր մակարդակով են անցնում: Նրա խոսքերի համաձայն, այդ զորավարժությունները բացահայտեցին աղետների ժամանակ ռիսկերի նվազեցման գործում Հայաստանի թույլ և ուժեղ կողմերը:

Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել նախարար Արմեն Երիցյանին`գերազանց կազմակերպված զորավարժությունների համար: Ընդ որում, հիմք ընդունելով Ռուսաստանում (հրդեհներ) և Պակիստանում (ջրհեղեղներ) տեղի ունեցած վերջին իրադարձությունները, Սիմոնսը նշել է, որ պետությունները պետք է ոչ միայն կենտրոնանան իրենց երկրի ներսում աղետների ռիսկերի նվազեցման գործին, այլև այդ հարցում պետք է համագործակցեն այլ երկրների հետ: Նրա խոսքերի համաձայն, նման զորավարժությունները փորձի փոխանակման հնարավորություն են տալիս: «Ես տպավորված եմ փրկարարների համագործակցության մակարդակով», - ասել է Ռոբերտ Սիմոնսն, ավելացնելով, որ հայ փրկարարները պարզորոշ ներկայացնում են գոյություն ունեցող հիմնախնդիրները, ինչը խոսում է մասնակիցների որակական մակարդակի մասին:

ՆԱՏՕ-ի մարզավարժական կենտրոնի ղեկավար Ռագներ Բոեն, իր հերթին, անդրադառնալով մասնակիցների պատրաստության ընդհանուր մակարդակին, ասել է, որ զորավարժություններին մասնակցում է նաև 40 դիտորդ, որոնք գնահատում են փրկարարների գործողությունները: «Նրանց կարծիքը հիմք ընդունելով, մինչև նոր տարի կպատրաստվի զեկույց», - հայտնել է նա` ավելացնելով, որ այդ զեկույցը կօգնի հաջորդ զորավարժությունն ավելի բարձր մակարդակով անցկացնել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայության ղեկավար Սերգեյ Ազարյանն ասել է, որ զորավարժության նպատակը միայն լավ կամ վատ աշխատանքը գնահատելը չէ: «Զորավարժությունների նպատակը փորձի փոխանակումն է և ես կարող եմ հավաստիացնել, որ բոլոր մասնակիցները մեծ պատասխանատվությամբ են վերաբերվում իրենց գործին», - ասել է նա:

Հայաստանում անցկացվում են «Հայաստան-2010» ՆԱՏՕ-ի զորավարժությունները, որոնք ուղղված են տարերային աղետների վերացմանը: Զորավարժություններին մասնակցում է 28 երկրից ժամանած 333 փորձագետ և դիտորդ ու հինգ միջազգային կազմակերպություն, ինչպես նաև Հայաստանի 373 ներկայացուցիչ:

Զորավարժությունների սցենարի համաձայն, սեպտեմբերի 11-ին, ժամը 09.05-ին Հայաստանի Կոտայքի մարզում տեղի է ունենում 7.2 բալ մագնիտուդով երկրաշարժ, որի արդյունքում զոհվում է 12 հազ., վիրավորվում 17 հազ. մարդ: Երկրաշարժի հետևանքով շարքից դուրս են գալիս ջրամատակարարման և կոյուղու, կապի, գազի և էներգամատակարարման համակարգերը, տրանսպորտը, հազարավոր մարդիկ անօթևան են մնում:

Բացի այդ, վթար է տեղի ունենում Աբովյանի քիմիական գործարանում, ինչի հետևանքով մթնոլորտ է արտանետվում 4 տոննա քլոր:

Սցենարի համաձայն, Հայաստանն աշխարհի երկրներից խնդրում է մասնագետներ և տեխնիկա ուղարկել` օգնելու համար: