15 սեպտեմբերի 2010 - 17:15 AMT
Հայաստանն ու Թուրքմենստանը թեթև արդյունաբերության ոլորտը հեռանկարային են համարում համագործակցության համար

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աթա Սերդարովին։

Վարչապետը շնորհավորել է դեսպանին պաշտոնում նշանակվելու առթիվ և հույս հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի երկու երկրների միջև ծավալված արդյունավետ փոխգործակցության խորացմանը։

Ինչպես նշվում է ՀՀ կառավարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, երկկողմ առևտրատնտեսական համագործակցության զարգացման գործում կառավարության ղեկավարը կարևորել է Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը։ Այդ համատեքստում Տիգրան Սարգսյանը գոհունակություն է հայտնել Երևանում 2010 թ. ապրիլին կայացած հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի աշխատանքների ընթացքից։ Մասնավորապես, նա ողջունել է նիստի շրջանակներում թուրքմենական ապրանքների ցուցահանդես-վաճառքի կազմակերպումը և կարևորել հանձնաժողովի որոշմամբ Հայաստանի ու Թուրքմենստանի միջև ձևավորված իրավապայմանագրային դաշտի թարմացումը։

Զրուցակիցները հեռանկարային են համարել թեթև, մասնավորապես տեքստիլ արդյունաբերության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացումը։

Խոսելով մշակութային կապերի սերտացման և ամրապնդման անհրաժեշտությունից` վարչապետը կարևորել է երկու երկրներում փոխադարձաբար մշակույթի օրերի կազմակերպումը։