15 սեպտեմբերի 2010 - 17:16 AMT
ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարությունը ներկայացրել է ԼՂՀ-ից ստացված մեկնաբանությունները

«Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննության ենթակա չէ: Նման տեսակետ ունի գործի վերաբերյալ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը:

Հիմնական պատճառն այն է, որ դիմումատուների մատնանշած տարածքում, արդյունավետ վերահսկողություն իրականացնում են միայն Լեռնային Ղարաբաղի իշխանությունները:

Սրանով հանդերձ` ՀՀ կառավարությունն արձագանքել է ՄԻԵԴ հարցադրումներին` նպատակ ունենալով պարզաբանում տալ դիմումատուների ու, որպես երրորդ կողմ ներգրավված Ադրբեջանի կառավարության գանգատներին:

Հատկանշական է, որ Հայաստանի երկայացուցիչը դատավարության բոլոր փուլերում անհրաժեշտ փաստաթղթերն ու տվյալները փոխանցել է ԼՂՀ իշխանություններին, ՄԻԵԴ-ին ներկայացված պարզաբանումներում էլ ներկայացվել են նաև ԼՂՀ իշխանությունների մեկնաբանությունները:

Բոլոր դեպքերում այս դատավարությունը ևս մեկ անգամ վկայում է, որ հակամարտությունն ու դրա հետ առնչվող խնդիրները, մասնավորապես մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում, չեն կարող լուծում ստանալ, քանի դեռ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը սուբյեկտություն ձեռք չի բերել ու անմիջականորեն չի ներգրավվել այդ խնդիրների քննարկմանը: