15 սեպտեմբերի 2010 - 18:02 AMT
Հոկտեմբերին Հայաստանում Twining ծրագրով հայտերի ընդունման մրցույթ կհայտարարվի

Հարևանության ու գործընկերության Եվրոպական գործիքի շրջանակներում Հայաստանում այս տարվա հոկտեմբերին Twining ծրագրով հայտերի ընդունման մրցույթ կհայտարարվի: Այդ մասին սեպտեմբերի 15-ին Երևանում կայացած սեմինարի ընթացքում ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարության ծրագրի կառավարման գործակալության պետ Ռուբեն Սարուխանյանը: Նրա խոսքով, մրցույթն անցկացվում է տարին երկու անգամ, 60 օրվա ընթացքում գաղափարները կարող են ներկայացվել և դիտարկվել: Twining ծրագրի նպատակն է խթանել շահառու երկրների կողմից համապատասխան կառուցվածքով, մարդկային ռեսուրսներով և կառավարման գիտելիքներով ժամանակակից ու արդյունավետ վարչական մարմինների ստեղծումը, որպեսզի ԵՄ օրենսդրությունը կիրառվի նույն մակարդակով, ինչ ԵՄ անդամ երկրներում:

Ներկա պահին Հայաստանում իրականացվում են Twining երկու ծրագրեր` աջակցություն օմբուդսմենի գրասենյակին և աջակցություն ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը` կարգավորման կառավարում/ստանդարտ ծախսերի մոդել: Առաջին ծրագրի նպատակն է աջակցել օմբուդսմենի գրասենյակի տեխնիկական ու կազմակերպչական հնարավորություններին:

Սեմինարի ժամանակ Իսպանիայի օմբուդսմենի խորհրդատու Անտոնիո Մորան Հայաստանի սպեցիֆիկ խնդիր է անվանել երկրի բաժանումը երկու մասին` Երևանի և մարզերի: Նրա խոսքով, երկրի բոլոր մարզերը, բացի մայրաքաղաքից, դժվար հասանելի են: Բացի դրանից, նա ընդգծել է, որ օմբուդսմենի հայկական գրասենյակին լավ մասնագետներ են անհրաժեշտ: Ինչ վերաբերում է երկրորդ ծրագրին, ապա Հայաստանում հարկավոր է ներմուծել կառավարման կարգավորման հիմքերը` հստակ ու թափանցիկ վարչական կառավարման մշակման համար, որը կկրճատի վարչական բեռը:

Անտոնիո Մորայի կարծիքով, Հայաստանի ևս մեկ առանձնահատկությունը, որը հատուկ է նախկին ԽՍՀՄ բոլոր երկրներին, դանդաղ անցումն է ժողովրդավարությանը: «Այդ անցումը գրեթե 20 տարի է տևում, մինչդեռ Իսպանիան դիկտատուրայի երկար տարիներից հետո ժողովրդավարության անցավ 5 տարվա ընթացքում»:

TAIEX-ը (Technical Assistance Information Exchange) Եվրոպական Հանձնաժողովի արտաքին օգնության գործիք է, որը կարճաժամկետ (մինչև 5 աշխատանքային օր) տեխնիկական օգնություն է ապահովում ազգային օրենսդրությունը ԵՄ նորմերին ու չափանիշներին համապատասխանեցնելու, ինչպես նաև հետագա արդյունավետ իրագործման հարցում: