15 սեպտեմբերի 2010 - 18:34 AMT
ՀՀ ԿԲ թողարկել է «Մարիո Կեմպես» արծաթե հուշադրամը

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շրջանառության մեջ է մտցրել նոր արծաթե հուշադրամ` նվիրված Մարիո Կեմպեսին: Հուշադրամը թողարկվել է «Համաշխարհային ֆուտբոլի արքաները» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում:

Հուշադրամի դիմերեսի վերևի կիսաշրջանում պատկերված է «KINGS OF FOOTBALL» անգլերեն մակագրությամբ եզրագծված թագ, որը պահպանում են երկու առյուծներ: Պատկերի ներքևի մասում ֆուտբոլի գնդակ է: Ներքևի կիսաշրջանում նշված է հուշադրամի անվանական արժեքը` «100 ԴՐԱՄ», որից ներքև Հայաստանի Հանրապետության զինանշանն է: Զինանշանի երկու կողմում թողարկման տարեթիվն է` ձախում «20», աջում` «10»: Զինանշանից աջ ներքևում Լեհաստանի դրամահատարանի առևտրային նիշն է: Եզրաշուրթի շրջագծով վերևում` հայերեն, իսկ ներքևում անգլերեն մակագրված են համապատասխանաբար` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA»:

Հուշադրամի դարձերեսին Արգենտինայի դրոշի գունային ֆոնի վրա Մարիո Կեմպեսի դիմապատկերն է, որից ձախ ֆուտբոլի գնդակ է: Դիմապատկերից ձախ եզրաշուրթի մոտ ձևավորող հեղինակի խորագիրն է: Ներքևում եզրաշուրթի մոտ Մարիո Կեմպեսի ստորագրությունն է: Վերևում եզրաշուրթի մոտ շրջագծով լատինատառ մակագրություն է`«MARIO KEMPES»: Հուշադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ:

Հուշադրամի պատրաստման ժամանակ օգտագործվել են գունավոր ներկեր:

Ուրվագծերի հեղինակն է Լեհաստանի դրամահատարանի դիզայներ Ռոբերտ Կոտովիչը: Հուշադրամը դրվագվել է Լեհստանի դրամահատարանում:

Հուշադրամի բնութագիրը.

Անվանական արժեքը 100 դրամ Մետաղը և հարգը արծաթ, 925 + 50 Զանգվածը 28,28 + 0,25 գ Տրամագիծը 38,61 + 0,15 մմ Որակը պրուֆ Դրամաշուրթը հարթ Տպաքանակը մինչև 20000 հատ

Այս մասին հաղորդում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը: