15 սեպտեմբերի 2010 - 20:20 AMT
ՀՀ պաշտպանության նախարարը անմիջական վերահսկողության ներքո է վերցրել բանակում մահացու դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործերը

2007 թ. ՀՀ զինված ուժերում գրանցվել է մահացության դեպքերի ամենացածր ցուցանիշը: 2010 թ. առաջին կիսամյակում 2007 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ մահացության դեպքերն ավելի քիչ են: Սակայն վերջին ժամանակներում գրանցվեցին զինվորների սպանության մի քանի դեպք, որոնք հասարակական մեծ արձագանք ստացան, ինչը շատ դրական է: Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` Հայաստանի խորհրդարանի կառավարության ժամի ընթացքում պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի հարցերին:

Ս.Օհանյանի խոսքերի համաձայն, պետք չէ այդպիսի լայնամասշտաբ պայքար ծավալել Հայաստանի պաշտպանության նախարարության դեմ:

Կադրային քաղաքականության մասին նախարարն ասել է, որ ՀՀ ՊՆ հրամանատարական կազմում մշտապես փոփոխություններ են լինում, սակայն այդ մասին պարտադիր չէ ասել ԶԼՄ-երին:

Ինչ վերաբերում է գրանցված մահացության դեպքերին, Սեյրան Օհանյանն ասել է, որ հարուցված բոլոր քրեական գործերն իր անմիջական վերահսկողության ներքո են գտնվում: «Մենք նաև աշխատում ենք, որպեսզի հետագայում այլևս նման միջադեպեր չկրկնվեն», - ասել է պաշտպանության նախարարը: