14 օգոստոսի 2001 - 23:04 AMT
ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿՍՏՈՐԱԳՐԵՆ ԱՌԵՎՏՐԱ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՆՑԵՊՑԻԱՆ
Վլադիմիր Պուտինի Երեւան այցի ընթացքում, որը տեղի կունենա 2001 թվականի սեպտեմբերին, Հայաստանի եւ Ռուսսաստանի միջեւ կստորագրվի առաջիկա 10 տարվա առեւտրա-տնտեսական համագործակցության կոնցեպցիան: Այդ փաստաթուղթը հիմք կծառայի երկարատեւ համագործակցության ծրագրի համար: Դրա մասին «Գոլոս Արմենիի» թերթին տված հարցազրույցում հայտնեց Հայաստանում Ռուսաստանի գործերով ժամանակավոր հավատարմատար Սերգեյ Կապինոսը: Նրա խոսքերով` կստորագրվի համաձայնագրերի մի ամբողջ շարք, մասնավորապես, «Ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանման մասին», «Զբոսաշրջիկության բնագավառում համագործակցության մասին», «Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների եւ Հայաստանի շրջանների միջեւ համագործակցության մասին»:
Ս.Կապինոսը նշեց, որ համատեղ ձեռնարկության ստեղծման նախագծում կանոնադրական հիմնադրամի ձեւավորման համար ենթադրվում է օգտագործել Հայաստանի պարտքը ռուսական պետվարկերով: Հիշեցնենք, որ 2001 թվականի մայիսին Հայաստանի պարտքը Ռուսաստանին կազմում էր 114 միլիոն դոլար: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: