16 սեպտեմբերի 2010 - 11:42 AMT
Սեմյոն Սահակ. Հայ փրկարարները պատրաստված են բավական բարձր մակարդակով

ՆԱՏՕ-ի «Հայաստան 2010» բնական աղետների հետևանքների վերացման զորավարժությունները հնարավորություն են տվել դրսևորել իրենց ուժերը և պատրաստվածությունը արտակարգ իրավիճակներում, ինչպես նաև փորձի փոխանակում կատարել: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Բելառուսիա» հատուկ ջոկատի պետի առաջին տեղակալ մայոր Սեմյոն Սահակը: Նրա խոսքերով, պրոֆեսիոնալ տեսանկյունից, բելառուս փրկարարները սովորեցին աշխատել խիստ շոգի պայմաններում: «Մեր համազգեստներով փորձություն էր աշխատել նման պայմաններում: Հայ մասնագետները մեզ շատ լավ ընդունեցին և ապահովեցին անհրաժեշտ ամեն ինչով: Բելառուսից Հայաստան է եկել 9 հոգի, և մենք բոլորս առաջին անգամ ենք այստեղ: Պետք է ասեմ, որ հայ փրկարարները պատրաստված են բավական բարձր մակարդակով»,- ընդգծել է նա:

Սահակի խոսքերով, Հայաստանի և Բելառուսի միջև հետագա համագործակցությունը լիովին հնարավոր է: «2012-ին Բելառուսում տեղի կունենան նման զորավարժություններ, և դա հնարավորություն կտա Հայաստանի, ինչպես նաև այլ երկրների մեր գործընկերներին կիրառել բելառուս փրկարարների փորձը»,- ասել է նա: