17 սեպտեմբերի 2010 - 11:26 AMT
Սերժ Սարգսյան. Ավելի լավ է վատ խաղաղություն, քան պատերազմ

«Հայկական կողմերի, ես նկատի ունեմ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի, դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում շատ պարզ է»,- հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով, նա հիմնվում է օրենքի գերակայության և միջազգային իրավունքի վրա: «Ղարաբաղը մտել է Ադրբեջանի կազմի մեջ 1921թ. կոմկուսի մարմիննների որոշմամբ: ԼՂ ժողովուրդը երբեք չի հաշտվել այդ որոշման հետ: 1988-ին սկսվեց ղարաբաղյան շարժումը, իսկ հետո հանրաքվե անցկացնելու միջոցով ԼՂ-ն միակողմանի կարգով ինքնորոշում ստացավ: Նույնիսկ եթե մինչև վերջին ժամանակները խոսում էին, որ ազգերի ինքնորոշման իրավունքը հակասում է տարածքային ամբողջականության իրավունքին, ապա Հաագայի դատարանի հայտնի որոշումից հետո, որ Կոսովոյի անկախության միակողմանի հռչակումը չի հակասում միջազգային իրավունքի նորմերին, ամեն ինչ իր տեղն ընկավ»,- նշել է ՀՀ նախագահը: Միաժամանակ ասել է, որ հենց այդ պատճառով Ալմաթիում ԵԱՀԿ նախարարների գագաթնաժողովում այս տարի հստակ հայտարարվել է, որ երեք սկզբունքները, որոնց հիման վրա բանակցություններ են վարվում` ուժի կամ պատերազմի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշման իրավունք, հավասար են: «Մենք հուսով ենք, որ վերջապես, կհանգենք վերջնական արդար լուծման: Եթե մենք ելնեինք նրանից, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծում չունի, մեզ համար, առաջին հերթին ԼՂ ժողովրդի համար, շատ դժվար կլիներ ապրելը»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Մեկնաբանելով այն, որ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների վրա ազդեցություն է ունենում, առաջին հերթին Ադրբեջանը, և կա արդյոք այլ ուղի փակ շրջանից դուրս գալու համար, որը 16 տարիների ընթացքում թույլ չի տալիս լուծել հակամարտությունը, ՀՀ նախագահն ասել է. «Գիտեք, ես այդ շրջանագիծը փակ չէի համարի, չէ որ ամեն դեպքում բանակցությունները շարունակվում են: Այո, նրանք շատ դժվար են ընթանում, բայց ավելի լավ է վատ խաղաղություն, քան պատերազմ: Եթե կան բանակցություններ, ապա կա նաև վերջնական արդյունքի հասնելու հնարավորություն»,- ասել է Սերժ Սարգսյանը, գրում է «Պրոֆիլ» ամսագիրը: