17 սեպտեմբերի 2010 - 11:58 AMT
Սերժ Սարգսյան. Հայաստանը չի փորձում օգուտ քաղել այլ երկրների միջև տարաձայնություններից

«Հայաստանը չի փորձում օգուտ քաղել այլ երկրների միջև տարաձայնություններից»,- հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, մեկնաբանելով այն, թե ինչպես է Հայաստանին հաջողվում միաժամանակ համագործակցել ՆԱՏՕ-ի և ՀԱՊԿ-ի հետ: Նրա խոսքերով, երկիրը լավ հարաբերություններ ունի մի կողմից ԱՄՆ, մյուս կողմից` Իրանի հետ, մի կողմից Ռուսաստանի, մյուս կողմից` Վրաստանի հետ: «Որովհետև մենք անկեղ քաղաքականություն ենք վարում»,- նշել է ՀՀ նախագահը: Միաժամանակ ավելացրել է, որ Հայաստանի համար ամենալավն այն է, երբ ԱՄՆ և Ռուսաստանի շահերը համընկնում են: «ՆԱՏՕ-ն և ՀԱՊԿ-ն հակառակորդներ չեն: Դրանք անվտանգության համակարգեր են հետաքրքրության իրենց գոտիներով, որոնք թույլ են տալիս երկրներին օգուտ քաղել: Գիտեք, միշտ չէ, որ ճիշտ է կյանքում ամեն ինչ սև ու սպիտակ տեսնելը: Նման մոտեցման դեպքում խնդիրներն անխուսափելի են»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը:

Անդրադառնալով նրան, թե ինչ է տալիս Հայաստանին ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը, Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ համագործակցում է անհատական գործընկերության պլանի (IPAP) հիման վրա, որը թույլ է տալիս կիրառել դաշինքի փորձը, ինչպես նաև մասնակցել խաղաղապահական գործողություններին: «ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը հնարավորություն է տալիս արդիականացնել մեր բանակը, բարեփոխումներ անցկացնել, ժամանակակից ճիշտ ուղիներ որոնել անվտանգության համակարգի կառուցման համար: Այն, որ ես դրական եմ խոսում Դաշինքի մասին, չի նշանակում, որ Հայաստանը պատրաստվում է անդամակցել ՆԱՏՕ-ին: Բայց, լինելով ՀԱՊԿ անդամ, դաշինքի հետ համագործակցության դրական արդյունքները չտեսնելը կնշանակեր վերադառնալ սառը պատերազմի ժամանակների մտածողությանը»,- նշել է ՀՀ նախագահը, գրում է ուկրաինական «Պրոֆիլ» ամսագիրը: